Փոքրիկ Իդան մեծ հաճոյքով էր լսում ուսանողի պատմածները: Այժմ նա խորհրդածում էր. «Ծաղիկներս իրանց գլուխը խոնարհել են, որովհետև ամբողջ գիշերը պարելուց յոգնել են։ Անշուշտ նրանք հիւանդ են»: Իդան վերցրեց ծաղիկներին և տարաւ իր միւս խաղալիքների մօտ, որոնք գտնւում են մի փոքրիկ սիրուն սեղանի վրայ: Այդ սեղանի դարակն էլ լիքն էր գեղեցիկ խաղալիքներով։ Նա տեսաւ, որ իր տիկնիկը՝ Սօֆին՝ սեղանի վրայ քնել էր: Փոքրիկ Իդան նրան ասաց. «Վեր կա՛ց Սօֆի, և այս գիշեր քնի՛ր դարակում։ Իմ խեղճ ծաղիկները հիւանդ են, և պետք է որ քո տեղը պառկեն: Գուցէ նրանք առողջանան»:
Ու վերցրեց տիկնիկը։ Սօֆի յօնքերը կիտեց և մի բառ անգամ չարտասանեց. շատ էր բարկացել, որ ստիպուած եղաւ իր անկողնից բաժանուելու:
Իդա ծաղիկներին պառկեցրեց Սօֆիի անկողնում, նրա փոքրիկ վերմակով նրանց լաւ ծածկեց և պատուիրեց որ խելօք, հանգիստ քնեն: Յետոյ գնաց թէյ պատրաստելու, որպէս զի խմեն, քրտնեն և հետեւեալ օրը, ուրախ, զուարթ վեր կենան։