Jump to content

Էջ:Անի.djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գեղեցիկ էր տեսարանը այժմ էլ, թեև միայն ավերակ ու մահ է ցույց տալիս: Իսկ ինչ պիտի եղած լինի նա այն ժամանակ երբ այս ամայի տարածությունը ծածկված էր տներով, ապարանքներով, եկեղեցիներով:

Մի փոքրիկ առու պարիսպների միջով գալիս է և ավագ դռնով ներս մտնում: Ասում են, թե դա գյուղացիների բերած ջուրն է, որ կանաչները ջրելուց հետո ինքն իր համար ճանապարհ է բացել դեպի մեռած քաղաքը: Չնայած, որ փոքր է ու ողորմելի այդ ջուրը, բայց մի տարօրինակ տպավորություն է գործում, կարծես նա գնում է ներսում մարդկանց պետքերը հոգալու: Բայց այնտեղ ոչինչ մարդկային պետքեր չկան: Ջուրը ավելորդ է: Վանահոր խուցերում այս ջրից չեն խմում. խմելու ջուր բերում են բեռներով, արևմտյան ձորի աղբյուրներից: Բայց այս առվակը ցույց է տալիս, թե որքան հեշտ է եղել դրսից ջուր բերելը Անիի մեջ:

Ավագ դռնից ուղղակի դաշտը դուրս գալ չի կարելի՝ նրա առջևով ընկած է դրսի պարիսպը, որ այնտեղ դուռ չունի: Այսպես արված է իհարկե այն պատճառով, որ քաղաքի ամենագլխավոր դուռը ավելի լավ պաշտպանված լինի: Ավագ Դռնից քիչ դեպի արևմուտք գնալով, տեսնում եք դրսի պարսպի դուռը՝ դա է դաշտից բերող մուտքը: Հարձակվող թշնամին, ներս խուժելով այդ դռնից, պիտի ընկներ երկու պատերի մեջ ու պիտի գնար դեպի ավագ դուռը աշտարակներից և պարիսպների գլխից տեղացող նետերի տարափի տակ: Պաշտպանող զորքը, եթե ունենար քաջություն, կարող էր այդտեղ, այդ նեղ տարածության մեջ, մեծ կոտորած աներ: Հին ժամանակների պատերազմը բերդերի պաշտպանության համար միայն սրեր ու նետեր չէր հանում, այլև քարեր, եռացրած ջուր, յուղ, որոնք պարիսպների գլխից թափվում էին հարձակվողների վրա:

Դրսի դռնից ներս մտնողը, դեռ երկու քայլ չարած, տեսնում է ներսի պարսպի վրա մի բարձրավանդակ առյուծ, որ կանգնած դրության մեջ չէ, այլ վազողի դրության մեջ: Անիի մեջ դրա պես մեծ քանդակ չկա: Նա բավական լավ է պահվել պատի ճակատին շրջանակի մեջ: Ի՞նչ է ներկայացնում