Էջ:Անի.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր Անիի հին կյանքը կարելի կլինի պատկերացնել ոչ թե երևակայությամբ ստեղծած ու մտացածին մանրամասնություններով, այլ պարզ ու որոշ ինչպես իրական վեպի մեջ: Մանավանդ, որ փողոցների ու հրապարակների հետ էլ կբացվեն և շատ տների դռներ ու մենք շոշափելի փաստեր ու վկաներ կունենանք անեցու ներքին ընտանեկան կյանքի մասին:

Ես հավատում եմ, որ կլինի այդպիսի օր և նա հեռու չէ, միայն թե լինեն Մառի նման եոանդ ու տաղանդ ունեցող մարդիկ: Ինչպե՞ս չհավատալ երբ գնում ես հողի միջից դուրս բերած Աշոտյան մեծ պարսպի տակով: Ինչպե՞ս չհավատալ երբ այդ պարսպի մյուս կողմում, Հին Աշոտյան շրջանի քաղաքում տեսնում ես հողի միջից դուրս բերած մի ամբողջ եկեղեցի իր հիշատակարաններով, իր հետաքրքրական հանգամանքներով:

Կանգնելով այն բեկորների առաջ, որ պեղելով հայտնագործել է Մառը, դուք իսկույն հասկանում եք, որ դա էլ մի տոհմային մատուռ է տոհմային գերեզմանատան մեջ: Մատուռը նվիրված է եղել Աստվածածնի անվան: Իսկ այն տոհմը, որին պատկանելիս է եղել գերեզմանատունն ու մատուռը, կոչվելիս է եղել Խամբուշենց: Ամենից շատ աչքի ընկնող հանգամանքն այն է, որ Խամբուշենց եկեղեցին ինչպես իրավացի նկատում է Մառը, ցույց է տալիս թե տեղի ինչ սարսափելի անձկություն կար Անիում: Յուրաքանչյուր հինգ հողը բռնված է եղել շինություններով: Խամբուշենգ եկեղեցին միայն կողմնակի մուտքեր ունի, իսկ արևմտյան կողմից ոչինչ դուռ չունի, որով հետև շարժվելու տեղ չի եղել:

Դատելով այն բեկորներից, որոնք թափված են պեղումների տեղում, Խամբուշենց եկեղեցին ունեցել է շատ վայելուչ ճարտարապետական ոճ և զարդարված է եղել ոչ ճոխ ու հարուստ, բայց սիրուն տպավորություն թողնող քանդակներով: Բայց եկեղեցու հիմքերը միայն կան, մնացածը կտոր-կտոր թափված է նրա շուրջը: Խամբուշենց գերեզմանատունը գտնվում է Հարավային կողմում: