Jump to content

Էջ:Անի.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նվիրված արտերը, ինչպես նաև այն տեսակ տեսակ հարկերը որոնք դրված էին անասունների վրա: Անասնապահությունը պահանջում է արոտատեղեր, խոտհարքեր և մարգեր: եվ այդ բաներն էլ հիշատակված են արձանագրությունների մեջ:

Հին, մեծ քաղաքը մենք ներկա ժամանակների չափով ու կարգերով չպիտի երևակայենք: Հին քաղաքների համար հողի տնտեսական մեծ գործոններից մեկն էր: Հիշենք այստեղ այն ավանդությունը, որ կապված է Անիի հյուսիսային պարիսպներից դուրս գտնվող Հովվի եկեղեցիներու հետ: Իբր թե մի հովիվ, տեղ չգտնելով Անիի եկեղեցիներում, իր համար կառուցել է առանձին եկեղեցի եկեղեցի: Այս ավանդությունը եթե անեցու ջերմեռանդ կրոնասիրության աստիճանը ցույց տալու համար է ստեղծվել պակաս պերճախոս չէ և իբրև մի ապացույց թե անասնապահությունը այստեղ ինչ հարստության աղբյուր էր:

Մենք ունենք և պատմության ավանդած իրողություն: Ահա Սմբատ Տիեզերակալը, Մայր եկեղեցու հիմնադիրը: Անին այնպիսի զարմանալի պարիսպներով շրջապատողը, նա որ ահագին գումար ծախսելով՝ Հնդկաստանից բյուրեղյա ջահ բերեց տվեց: Ասողիկը, պատմելով այդ թագավորի փարթամությունը ասում է, որ նա հացի և գինու շատ պաշարներ ուներ: Նույն Ասողիկը հաղորդում է և այն որ մեծագործ գոռոզ թագավորը Անիում խոտի մեծ ամբարանոց ուներ, որ հավաքված էր տարիներով: Հողի մարդ էին ամենաքը: Եվ թագավորը այնքան մեծ բան էր համարում իր խոտի դեզերը, որ երբ նրանք անհայտ պատճառից այրվեցին նա բարբարոսական անարդարությամբ հրամայեց ողջ-ողջ այրել մի խեղճ խելագարի, որ ասել էր, թե ինքն է կրակել թագավորի խոտը:

Այսպես, ուրեմն Անին իր շրջականներում ընդարձակ տեղեր պիտի ունենար իր տնտեսական պետքերի համար: Եթե ընդունում ենք որ անթիվ քարայրերի մեջ մարդիկ էին ապրում պիտի ընդունենք և այն, որ այդ մարդիկ մեծ մասամբ գյուղական գործերով էին ապրում և նրանց ապրուստի համար հարկավոր էր հող: Անին իր պարիսպների մեջ չէր