Jump to content

Էջ:Անի.djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պետք է աչքի աոաջ ունենալ մանավանդ այն, որ հայ իշխանապետի այսքան երկարատև, անխախտ հավատարմությունը Բաղդադի արքունիքը տեսնում էր մի այնպիսի ժամանակ, երբ արաբական պետության քայքայումը այլևս գաղտնիք չէր ոչ ոքի համար: Իսլամի աշխարհակալությունները կանգ էին առել վաղուց և այժմ, եթե ոչ անհնարին, գոնե դժվար էր պահպանել եղածն անգամ: Զանազան կողմերում բռնկվող ապստամբությունները անդադար բեկորներ էին խլում ահագին պետությունից: Կազմվել էին և կազմվում էին բազմաթիվ տեղական անկախություններ, կես անկախություններ, երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող էմիրներ անգամ նշանակություն և լայն ու մեծ իշխանություն ստանալ: Խալիֆները հազիվհազ էին կարողանում գլուխ պահել այդ խառնաշփոթությունների մեջ նրանց արքունիքն անգամ թուրքական վարձկան զինվորության ձեոքին էր: Ապստամբվում էին ոչ միայն աոանձին նահանգների տեղական բնիկ տերերը, համատերերը դաոնալ կամեցողներ, այլև խալիֆի փոխանորդները, նրանք որ ուղարկվում էին երկիր կառավարելու հնազանդության մեջ պահելու համար: Կարելի է ասել, որ ուժ ու կարողություն զգացող ամեն մեկը մեղք է համարում բախտ չփորձելը:

Աշոտը բախտ չփորձեց, թեև նրա աչքի առջև Ատրպատականը, Քրգիստանը ապստամբության դրոշակներ էին բարձրացրել: Թեև, օրինակ, Պարտավի արաբական ոոտիկանը մի ժամանակ համոզում էր հայ իշխաններին միանալ իր հետ և ապստամբվել խալիֆի դեմ: Գուցե այդ դեպքերն ու առաջարկությունները որոշ հարմարություններ էին տալիս, գուցե նրանք շատ գայթակղեցնող դյուրություններ էին ներկայացնում, բայց Բագրատունի իշխանապետը չոգևորվեց, չփոփոխեց իր ծրագիրը: Եվ երբ Բաղդադի իշխանության դեմ ապստամբված մի պարսիկ իշխան Ջահապ անունով 80 հազար զորքով մտավ Հայաստան, Աշոտը առանց երկար մտածելու, նրա դեմ ուղարկեց իր բանակը, որ մեծ հաղթություն տարավ և այդպիսով մի խոշոր ծառայություն էլ արավ խալիֆի գահին: