Jump to content

Էջ:Արամ Մանուկյան․ Փաստաթղթերի և նյութերի ժողովածու.djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիւղի, ուչաստոկի ու գաւառի կոմիսսարները, ինչպէս և միլիցիայի պետերը պարտաւոր են իսկոյն ձերբակալել փախչող դասալինքներին և որոշւած տեղն ուղարկել, հակառակ դէպքում պատասխանութեան կենթարկւեն. պատասխանութեան կենթարկւեն և ցուցակների մէջ կեղծիք մտցնողները:

Երեւանի Հայոց Ազգային ու Զինւորական Խորհուրդների
Յատուկ Կոմիտէ

ՀԱԱ, ֆ289, ց. 1, գ.4, թ. 1, տպագիր օրինակ:

N 252

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ԶԻՆՒՈՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՉԸ ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՐՊՈՒՍԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

23 դեկտեմբերի 1917 թ.

ԿՈՉ ՀԱՅ ԶԻՆՒՈՐՆԵՐԻՆ

Հայրենակիցնե՛ր.

Հայոց Ազգային ու Զինւորական Խորհուրդները, յատուկ կարգադրութեամբ, հայ զինւորական ուժերը հաւաքելու և հայկական կորպուսը կազմակերպելու կոչ են արել։ Ազգային Խորհուրդը կազմել է մի յատուկ կոմիտէ, որը, Հայ Զինւորական Միութեան Գործադիր Կոմիտէի հետ միախորհուրդ, հաւաքելու է զինւորներին ու կազմելու կորպուսը: Կովկասեան ճակատի գլխաւոր հրամանատարն արդէն իրաւունք ու ամեն կարգի լիազորութիւններ է տւել Հայ Զինւորական Միութեանը, որ նա հաւաքի հայկական բոլոր զինւորական ուժերը և ուղղակի տեղաւորի հայկական գործօն ու պահեստի գնդերի մէջ:

Հայրենակիցնե՛ր.

Հայրենիքը վտանգուած է: Այսօր սպառնալիքի ու ոչնչացման անդունդի ծայրին է կանգնած ոչ միայն մոխրակոյտներով զարդարուն Թուրքահայաստանը, այլ և կովկասահայ ժողովուրդը և ընդհանրապէս մեր գեղեցիկ Կովկասը։ Արհաւիրքը ծաւալւում է շտապկոտ արագութեամբ, ուստի ժամանակը չի սպասում, օրը տարւայ չափ արժէք ունի: Ամեն ոք պիտի լցւի պարտականութեան գիտակցութեամբ և կանգնի իր դիրքի վրայ: Այս է պահանջում հայ ժողովրդի հաւաքական կամքը, այս է պահանջում պատմական ժամը: Ազգ. Խորհուրդը որոշել է կանգ չառնել ոչ նիւթական և ոչ էլ բարոյական զոհողութեան առաջ: Բոլոր հայաբնակ գաւառները հասարակական գործիչներ ու զինւորական լիազօրներ են ճամբւած՝ հայ զինւորներին հաւաքելու համար:

Հայ Զինւորնե՛ր.