Մեզ յանձնարարւած է Երևանի վեց գաւառների՝ Երևանի, Էջմիածնի, Սուրմալուի, Նոր-Բայազիդի, Շարուր-Դարալագեազի ու Նախիջևանի, և Գանձակի նահանգի մի գաւառի՝ Զանգեզուրի հայ զինւորներին հաւաքելը: Առաջին հերթին պարտական են ներկայանալ 1886 թւի յունւարի մէկից մինչև 1898 թւականի դեկտեմբերի երեսուն և մէկին ծնւածները՝ այսինքն 1907-1919208 թւականների զինակոչին ենթարկւած զինւորները, իսկական ծառայութեան ենթարկւածները, կապոյտ ու կարմիր տոմսաւորները, սպիտակ տոմսաւորները (ստուգելու համար), թէ նրանք, որոնք գործօն բանակումն են եղած ու ապա տուն վերադարձած և թէ թիկունքի աշխատանքների (оборона) մէջ գտնւողները, ժամակաւորապէս արձակուրդ ստացածները, զանազան արտօնութիւններով ու պատրւակներով տանը նստածները: Կառավարութեան ու ազգի կողմից հոգացւելու է եկողների բոլոր անհրաժեշտ կարիքները՝ պարենաւորումը, զինումը և տեղաւորումը: Յատուկ ուշադրութիւն պիտի դարձւի զինւորների ընտանիքի նիւթական ապահովութեան վրայ:
Ամեն ոք պարտական է այս կոչն ստանալու հետևեալ օրն առնել իր զինւորական համազգեստը, երեք օրւայ պաշար ու ճանապարհ ընկնել հետևեալ տեղերը:
Երևան քաղաքի, Երևանի գաւառի երկրորդ, երրորդ ու չորրորդ (Ախհամզալուի, Ղամարլուի ու Դաւալուի) ուչաստոկների Նախիջևանի, Շարուր-Դարալագեազի ու Զանգեզուրի գաւառների զինւորները պիտի գան Երևան քաղաքը՝ հայկական պահեստի գունդը, 2) Երևանի գաւառի առաջին (Ղըրխ-Բուլաղի) ուչաստոկինն ու Նոր-Բայազիդի գաւառինը՝ Քանաքեռ, Ա. հայկական գունդը, 3) Էջմիածնի գաւառի Ա. Գ. և Դ. (Վաղարշապատի, Սարդապատի ու Թալինի) ուչաստոկներինն ու Սուրմալուի գաւառինը՝ Վաղարշապատ, չորրորդ հայկական գունդը, 4) Էջմիածնի գաւառի երկրորդ ու հինգերորդ (Աշտարակի ու Աբարանի) ուչաստոկներինը՝ Աշտարակ, վեցերորդ հայկական գունդը։ Նշանակւած տեղերում զինւորներին կընդունեն այդ նպատակի համար կարգւած լիազօրները, իսկ բժշկական քննութիւնը լինելու է գնդերի մէջ:
Հայ զինւորնե՛ր.
Ռազմաճակատի դատարկւելը, Կովկասի ու յատկապէս հայ ժողովրդի ծանր կացութիւնը, հակայեղափոխական մութ ուժերի գլուխ բարձրացնելու փորձերը մեզ հրամայում են՝ դիմել ամենակտրուկ ու ամենախիստ միջոցների: Բայց նախքան այդ ծայրայեղութեան դիմելը, վերջին անգամ կոչ ենք անում ձեզ և պահանջում, որ դուք ձեր քաղաքացիական խղճի պարտադիր թելադրութեամբ շտապէք հայրենիքի փրկութեան գործին ձեր մասնակցութիւնը ինքնաբերաբար բերելու:
Քաղաքացինե՛ր.
Մեր առաջին կոչը ձեզ ենք ուղղում, դուք պարտական էք առաջին օրինակը տալ, որովհետև դուք աւելի գիտակից էք, քան գիւղական ժողովուրդը,