Վիլլաներու առաջ, երկաթյա ցանկապատով եզերված պարտեզներու մեջ, վարդենիներ, առանձին խնամքի առարկա, կնախագահեին ածուներուն և իրենց վերի ճյուղերուն վրա կբանային ճերմակ, դեղին և կարմիր վարդեր։ Պատատուկ թուփեր, գլխավորապես հասմիկենի, կծածկեին բնակարաններու ամբողջ երեսը բուրումնավետ ծաղիկներով. անոնց ճյուղերը կսողային ամեն տեղ, կգրկեին ցանկապատերը և, անհամար աստղերու պես, իրենց հասուն բաժակները կթափեին գետին:
Պարտեզներու դռներուն երկու կողմի սյուներու կատարին, մարմարյա կամ օնիքսե թաղարակալներու մեջ, մագլցող կռնկենիներ, բարձրանալու տեղ չգտնելով, դուրս կխուժեին իրենց կարմիր, ճերմակ և վարդագույն ծաղիկներով և իրենց օրորուն ոստերը կարծես օդին մեջ կառչելու տեղ կփնտրեին։ Եվ ծովեզերքի կողմը, ամեն երեք կամ չորս տունեն հետո, կհայտնվեր, հրաշքի մը պես, կապույտ ծովը, որուն զով և անընդհատ հևքը զգալի էր օդին մեջ և որուն վերջի կոհակներուն եռանդուն կամ մարմրող մրմունջը կլսվեր ծովեզերքի հղկուն խճաքարերու վրա։
Պարտեզներու, փողոցներու, կողմնակի արահետներու մեջ կտեսնվեին այդ արտակարգ գեղեցկությամբ վայրին երջանիկ բնակիչները. ամեն տարիքի կիներ, հավասարապես ճկուն և դյուրաշարժ, իրենց թեթև արդուզարդերով, գլխարկավոր և գլխաբաց մարդիկ, ճերմակ տաբատներով և ալբակա բաճկոններով, բարեկիրթ և հանդարտ, ինչպես եթե այդ բոլորը իրենց պատկաներ բնականորեն։ Միհրանը կզարմանար, որ ոչ ոք արտակարգ ուրախություն ցույց չէր տար, ոչ իսկ երեխաները և պատանիները, որոնցմե էր անշուշտ տեսիլ֊աղջիկը։ Եվ երբ Միհրանը կհանդիպեր իրեն տարեկից տղաքներու, բոլորովին ճերմակ հագված, կարճ տաբատով, մերկ սրունքներով, շապիկին կուրծքը բաց, ետ դարձած օձիքով, գանգուր և բաց մազերով, ակամա կդիտեր՝ բաղդատության դնելով անոնց արդուզարդը իր հագուստ֊կապուստին հետ և սուր կերպով կզգար, թե որքան ծիծաղելի երևույթ ուներ իր երկար տաբատով, օսլայած օձիքով, որ կհարկադրեր զինքը գլուխը վեր և անշարժ պահել, բայց, մանավանդ, իր կարմիր ֆեսով, որը սկսավ ատել իր բոլոր հոգվովը։