Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բարպան նույնքան զմայլանքով կդիտեր շուրջ բոլորը, և անոր դեմքին վրա կերևար հիացական ժպիտ մը, մանավանդ, երբ մարդոց կհանդիպեր։

— Ասոնք բոլորը եվրոպացիներ են,— ըսավ Միհրանին:

Զարեհ էֆենդիին ամառանոցը կգտնվեր կղզիին հարավային ծայրը։ Անիկա թեև ծովեզերյա վիլլա մըն էր, բայց կառուցված էր դարատափի մը վրա, այնպես որ բնակարանը, ճերմակ ներկված և կանանչ փեղկերով, ավելի բարձր էր, քան թե պարտեզը, որ, իր կարգին, ընդարձակ և բարձրահայաց պատշգամբի նման, երեք կողմե երկաթե ցանկապատով եզերված, որոնց անկյունները կոր գիծ մը կկազմեին, կհառաջանար դեպի ծովը։ Տունը ծածկված էր բարձր ծառերու տարածուն ճյուղերով, իսկ պարտեզին մեջ երեք մշտադալար մայրիներ իրենց հովանոցաձև կատարներով շուքի մեջ կպահեին կանանչ ներկված, բարձր հենարաններով, ողորյա հանգստավետ նստարաններ, որոնք զետեղված էին մեծ և բոլորակ երկաթյա սեղանի մը շուրջը: Ավելի հեռուն, ցանկապատին մոտ, առանձին սեղան մը կար, որ մեջտեղեն բարձրացող ձողի մը վրա կկրեր ճերմակ և կանանչ շերտերով կտավե մեծ հովանոց մը, որուն դեպի վար հակող նույն կտավե շրջանակը կվերջանար խիտ և լայն ծոպերով։ Երկու կանանչ ներկված ողորյա թիկնաթոռներ ցույց կուտային, որ այդ սեղանը հատկացված էր անոնց, որոնք կուզեին առանձնանալ։

Զարեհ էֆենդին քանի մը տարի վարձքով բնակեր էր այդ ամառանոցը։ Անոր առաջին տերը հույն այրի սեղանավոր մըն էր, որուն միակ աղջիկը կտառապեր ոսկրացավե։ Անիկա՝ իրանը գաջի մեջ, ստիպված էր տարիներով անշարժ պառկիլ կռնակի վրա, իր անիվավոր մահճակալին մեջ։ Հույն սեղանավորը բժիշկներու պատվերով կառուցել տվեր էր այդ բարձրահայաց վիլլան, երեսը դեպի հարավ, ուր հիվանդ աղջիկը պետք է ապրեր ամառ և ձմեռ։ Հիվանդին վիճակը մնալով անփոփոխ, հայրը փորձեր էր աղջկանը բժշկությունը կատարել Զվիցերիայի սանատորիաներու մեջ։ Բայց աղջիկը, հինգ տարի ևս անշարժ պառկելե հետո, մեռեր էր: Հայրը, մինչ այդ, կապվեր էր զվիցերիացի կնոջ մը հետ