Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և չէր ուզեր այլևս Թուրքիա վերադառնալ։ Աղջկան մահեն քիչ հետո ան եկեր էր Պոլիս արագ հաշվեհարդարի ենթարկելու համար իր բոլոր գործերը և վերադառնալու Եվրոպա։ Հիվանդ աղջկան համար կառուցված վիլլան իր դիրքին պատճառով գնորդ չէր գտնար, որովհետև ամառանոցայինները կնախընտրեին կղզիին հյուսիս֊արևելյան կողմը։ Զարեհ էֆենդին մոտեն հետևեր էր հույն սեղանավորին անհաջող փորձերուն և անոր աճապարանքեն օգուտ քաղելով, առաջարկեր էր տանը արժեքին գրեթե քառորդ գինը։ Վերջին սակարկութենե մը հետո հույնը համաձայներ էր, փոքրիկ հավելում մը կորզելով Զարեհ էֆենդիեն։

— Փոքրիկ տուն մը գնեցի կղզիին մեջ,— ըսեր էր անիկա Բարպային,— բնավ ժամանակը չէր, բայց կինս և զավակներս վարժված են այդ տունին, տեսա, որ ձեռքես պիտի երթա, անխոհեմություն ըրի, առաջ նետվեցա․․․ մարդ ենք, կպատահի։

Զարեհ էֆենդիի բնակարանին մուտքի դռան առաջ կար փոքրիկ առանձին պարտեզ մը, ուր այդ պահուն մարդ չի կար։ Բարպան քաշեց զանգակի թելը, և Միհրանին թվեցավ, որ շատ հեռավոր տեղ մը զանգակը հնչեց։ Բայց նույն միջոցին ահագին ճերմակ շուն մը, տեռ֊նեով մը, որուն չէին նշմարած, թաթերը դրավ պարտեզի ցանկապատին և սկսավ կատաղորեն հաչել։ Բարպան և Միհրանը, հանկարծակիի գալով, ցնցվեցան և դեպի ետ ընկրկեցան, երբ բնակարանի սանդուղներուն վրա երևցավ վարդագույն փետուրի նման թեթև հագուստ հագած, հազիվ տասներկու տարեկան աղջիկ մը, որ տեսնելով Բարպայի և Միհրանի ցնցումը և ընկրկումը, սկսավ անգութորեն խնդալ։ Միհրանը, մոռանալով իր կրած նվաստությունը, խորապես վիրավորվեցավ Բարպային համար, որ կնճռոտեցավ. կարծես սև ամպ անցավ անոր դեմքին վրայեն։ Տարիներ հետո Միհրանը հիշեց այդ րոպեն, և այդ հիշողությունը ծանրորեն կշռեց իր մեկ վճռական պահին։

Շունր կշարունակեր կատաղորեն հաչել և իր թաթերով կցնցեր երկաթ ցանկապատը։ Վարդագույն հագված աղջիկը, միշտ ծիծաղելով, գոչեց.