Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Հովա՜զ, Հովա՜զ, Հովա՜զ․․․

Շունը՝ անուշադիր աղջկանը կանչերուն, կշարունակեր հաչել և լինդերը բանալով իր սուր ժանիքները ցույց կուտար.

Տանը մյուս կողմեն երիտասարդ սպասուհի մը երևցավ, որ հանդարտ քայլերով հառաջացավ դեպի դուռը։ Շունը լռեց։ Միհրանը զարմացումով տեսավ, որ սպասուհին ձեռքը դրավ կատաղած կենդանիին գլխուն, որ, այլևս հանդարտած, կհևար և կհորանջեր, ոչ առանց երբեմն դեպի նորեկները ուղղելու խուլ մռլդյուն մը։

Սպասուհին, առանց դուռը բանալու, հարցուց, թե ի՞նչ կուզեին։

— Կուզեմ Զարեհ էֆենդին տեսնել,— ըսավ Բարպան՝ խոժոռած հոնքերով:

Վարդագույն հագած աղջիկը իջավ սանդուղներեն և երբ սկսավ քալել գետնին վրա, Միհրանը տեսավ, որ անիկա կկաղար։ Միհրանը չար տղա չէր, բայց այդ պահուն այդ երջանիկ աղջկան ֆիզիկական թերությունը մեծ գոհունակություն պատճառեց իրեն։ Կարծես բնությունը ձևով մը Բարպային և իր կրած վիրավորանքին վրեժը կլուծեր։ Միհրանը դիտեց, սակայն, որ ան սիրուն աղջիկ էր, և հետո, օրվան մեջ, անոր դիմագծերու մանրամասնությունները դրոշմվեցան մտքին մեջ: Վարդագույն հագած աղջիկը չուներ անշուշտ շոգենավին մեջ տեսած աղջկան նրբությունը և պատկերի կատարելությունը, բայց անոր կլոր և վարդագույն դեմքը բացված վարդի մը տպավորությունը կըներ. բաց֊շագանակագույն զույգ և թույլ հյուսկեններ պսակ կկազմեին անոր ողորկ ճակտին վրա։ Նույն գույնի աչքերը, որոնց ծիածանին վրա ոսկեգույն կետեր կային, արտակարգ մեծ կերևեին, որովհետև հոնքերը հազիվ թե կուրվագծվեին թեթև աղվամազով մը։ Կարմիր շրթները հաճախ կիսաբաց կմնային մանրիկ և իրարմե քիչ մը հեռու ատամներուն վրա և անոր կուտային զարմացած և մանկական երևույթ, մանավանդ որ, երբ խոսեր քիչ մը ռնգային ձայնով, վանկերեն ոմանք անկատար կարտասաներ