Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ երբ ժպտեր, երկու փոսիկներ կկազմվեին այտերուն վրա։

— Բա՚ց դուռը, Վերոնիկա՛,— ըսավ անիկա սպասուհիին, լուրջ նայվածքով։

— Բայց դուք գիտեք, օրիորդ Մաննիկ, որ Զարեհ էֆենդին պատվիրած է․․․

— Բա՛ց դուռը,— կրկնեց վարդագույն աղջիկը ոտքը անհամբերությամբ զարնելով գետնին և հանկարծ շառագունեցավ։

Բայց նույն միջոցին իսկ ժպտեցավ իր երկու փոսիկներով և ձեռքերը իրար զարնելով՝ վազեց կաղալով ցանկապատի երկայնքին։

— Արտա՛կ, Արտա՛կ,— կգոչեր անիկա։

Եվ ահա վրա հասավ հեծանիվով դեռատի երիտասարդ մը և կեցավ դռան առաջ։ Անիկա իջավ հեծանիվեն և քաղաքավարությամբ բարևելով՝ ըսավ Բարպային.

— Հայրս պտույտի գացեր է, բայց շուտով տուն կդառնա, կաղաչեմ, ներս հրամեցեք։

Այդ միջոցին սպասուհին առանց առարկության բացեր էր դուռը: Արտակը առաջ անցուց Բարպան և ինքը Միհրանին հետ մտավ պարտեզ։

Արտակը հեծանիվը ձեռքով քշելով՝ հյուրերը առաջնորդեց ետևի պարտեզը, մայրիներուն տակ, ըսելով, թե պարտեզը սպասել ավելի հաճելի է։ Իսկ վարդագույն աղջիկը անհետացեր էր։ Քիչ հետո ան կրկին հայտնվեցավ, չվան ցատկելով արահետի մը մեջ։ Հետո գնաց օրորվելու կախօրրանի մը վրա։

Զարեհ էֆենդիի որդին բնավ նման չէր իր հորը։ Անիկա խարտյաշ էր, պայծառ դեմքով, բաց֊շագանակագույն աչքերով, որոնք ուշադիր կսևեռեին խոսակիցը։ Հակառակ անոր սպիտակ դեմքին կանացի քնքշության, քիչ մը հաստ շրթները լուրջ արտահայտություն ունեին։ Անիկա հագած էր ճերմակ կտավե շապիէլ բաց օձիքով, առանց փողկապի և գորշագույն տաբատ. սրունքները սեղմված էին նույնագույն ասվե լայն երիզով։ Անիկա կկրեր բնական գույնով կաշիե սպորտական կոշիկներ։ Արտակը անշուշտ կճանչնար Բարպան և անոր, ինչպես և Միհրանին հետ կվարվեր պարզ և