Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հյուրընկալ քաղաքավարությամբ։ Երբ հյուրերը նստեցան, անիկա կանչեց վարդագույն աղջիկը, որ քիչ հեռու կթափառեր։

— Մաննի՛կ,— կանչեց ան և Միհրանին դառնալով՝ հարցուց․— ներեցեք, ինչպե՞ս է ձեր անունը։

— Միհրան,– գոչեց ան հանկարծ, ինքն ալ զարմացած իր ձայնեն։

— Մաննի՛կ,— կրկնեց Արտակը, երբ աղջիկը մոտեցավ,— Միհրանին հետ գնա, ցույց տուր պարտեզը մինչև հայրս գա։

Հետո դարձավ Բարպային, սիրալիրություն մը ըսելու համար, բայց Բարպան գրպանեն հանեց թերթը և առանց խոսք մը ընելու, բայց ժպտուն, արձակեց երիտասարդը։

Ա՜հ, ինչպես Միհրանը կատեր իր ֆեսը և երկար տաբատը, երբ կաղացող աղջկան հետ կքալեր կողք-կողքի, պարտեզին արահետներուն մեջ։ Անոնք, նախ, քանի մը րոպե լուռ մնացին, հետո աղջիկը կանգ առավ, նայեցավ Միհրանին և ժպտելով հարցուց․

— Դուն լեզու չունի՞ս, կատուն կերե՞ր է․․․

Միհրանն ալ խնդաց, բայց հուզումով։

— Ի՞նչ է անունդ։

— Միհրան։

— Ա՜հ, վա՜յ,— գոչեց աղջիկը,— կարծես գյուտ մը ընելով,— իմ անունս ալ Մաննիկ է, մեր երկուքին անունները կսկին Մ–ով, ասիկա աղեկ նշան է։

— Օրիորդ Մաննի՛կ,— ըսավ Միհրանը։

Բայց վարդագույն աղջիկը խնդաց բարձրաձայն և գոչեց.

— Օրիորդ Մաննի՜կ․․․ դեռ ի՜նչ․․․ Բացի սպասուհիները և խոհարարը, ամենքը ինձի Մաննիկ կըսեն։

— Մաննի՛կ,— ըսավ Միհրանը բռնազբոսիկ ձայնով, հիշելով Վիկտորյային՝ համարձակության համար տված խորհուրդները,— Մաննիկ, դուն Զարեհ էֆենդիին աղջի՞կն ես։

— Ոչ,— ըսավ անիկա՝ հանկարծ լրջանալով․— ես հայր չունիմ, մայրս Զարեհ էֆենդիին ազգական է։

— Ուրեմն, դուն տունեն չե՞ս․․․

— Ինչպես չէ․ ես մորս հետ կբնակիմ Զարեհ էֆենդիին տունը․ անոր ալ մոբար կըսեմ․ իսկ դո՞ւ։