Հետմիջօրեին ջերմությունը նվաղկոտ կդարձներ ծովը, որ կարծես թե հեշտանքով փռվեր էր՝ ընդունելու համար արևի ճառագայթները։ Հեռուն առագաստավոր նավակ մը, մեկ կողին հակած, կսուրար անծանոթ ուղղությամբ։ Բարպան հոգնած կզգար ինքզինքը և միտքը խառն՝ տեսած և լսած բաներեն։ Անիկա, կարծես, խզվեր էր իր ընտանի աշխարհեն և իր խարիսխեն անջատված նավու պես ենթակա էր տարուբերումներու։ Այսուամենայնիվ, անիկա ողորյա թիկնաթոռին վրա նստելե առաջ ջանք մը ըրավ ինքզինքը ամփոփելու և իր նպատակակետեն չի հեռանալու։
Զարեհ էֆենդին խորհրդավորությամբ հայտնեց Խաչիկին, թե կարևոր բան ուներ ըսելիք։ Բայց տեսնելով Մաննիկը և Միհրանը մայրիներու տակ, ուր անոնք, կզկտած, հասուն կոներեն ինկած պիստաշներ կորոնեին, երկու ձեռքերը միացնելով՝ բացականչեց.
— Նայե մեկ մը, Խաչիկ, հիանալի պատկեր է։ Այդ երկու պատանիները ինչպես համակրեցան իրարու։ Է՜հ, անմեղությո՜ւն․․․ ավելի սրտապարար բան կա՞ այս աշխարհիս մեջ։ Խաչի՛կ, ո՞վ գիտե, ի՞նչ է սահմաներ մեզի ապագան։
Հետո, առանց շունչ առնելու, Զարեհ էֆենդին պատմեց իր գաղտնիքը։
Գևորգ Կյուլենցի միջնորդությամբ ֆրանսիական դեսպանատունը հոժարեր էր իր կառքերու նորոգությունը կատարել տալ ասկե ետքը «հայ» աշխատանոցի մեջ, փոխանակ Դրջանին հանձնելու։
— Վաղը առտու քեզի պիտի խոսեի այս մասին, աս աղեկ եղավ։ Ասիկա մեծ պատիվ է,— ըսավ Զարեհ էֆենդին հիացական երևույթով,— մանավանդ որ դեսպանը անձամբ ըսեր է Կյուլենցին — իրարու հետ մտերիմ են, եղբոր պես են,— ավելցուց ճիզվիտը, կարծես ի միջի այլոց,— որ ինքը իմացած է, թե այս քաղաքին հայ աշխատավորները առաջնակարգ են։
Խաչիկը լուռ և մտախոհ կլսեր, բայց այս վերջին խոսքերուն ժպիտ մը փայլեցավ անոր աչքերուն մեջ։
— Իրա՞վ ըսեր է,— հարցուց անիկա։
— Ըսելն ալ խո՜սք է,— բացականչեց Զարեհ էֆենդին՝ երկու բազուկները բարձրացնելով,— դեռ ուրիշ բաներ ալ