Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըսեր է հայ ազգի մասին․․․ ըսեր է, որ եթե այդ տեսակ վարպետներ ըլլային Ֆրանսիայի մեջ․․․

Բարպան խոր հառաչեց և մետաղե տուփը հանելով գրպանեն, սկսավ սիգարեթ մը ոլորել։ Անիկա, կարծես անուշադիր, կդիտեր ծովը, կզգար իր տամուկ քունքերուն վրա զով օդի փայփայանքը և անօրինակ բարօրության զգացում մը կգրավեր իր հոգին:

Զարեհ էֆենդիի նայվածքեն չէր վրիպեր Բարպայի դեմքի ամենադույզն արտահայտությունները, և անիկա իր խոսքերը կսեր զգուշությամբ, կարծես վախնալով խորտակել շատ դյուրաբեկ բան մը։

— Հիմակ տե՛ս՝ իմ միտքս ինչ է,— ավելցուց ճիզվիտը՝ մորուքը ցցելով,— թող դեսպանատան կառքը մեյ մը մտնա մեր արհեստանոցը։ Այդքանը բավական է ինձի․․․ Հա՛, իմ միտքս ան է, որ մեր արհեստանոցին մեջ շինենք ճիշտ ու ճիշտ այդ՝ Եվրոպայեն եկած կառքին պես և, եթե կարելի է, ավելի աղվոր կառք մը շինենք և նվիրենք ֆրանսիական դեսպանատան։ Ի՞նչ կըսես, Խաչի՛կ, մեջեն կրնա՞նք ելլել:

— Կշինե՛նք,— ըսավ Խաչիկը ինքնավստահ,— կրնանք շինել։

— Ծախքերը ինձմե, աշխատանքը ձեզմե,— ըսավ Զարեհ էֆենդին շտապով և անհանգստությամբ դիտեց Խաչիկի դեմքը։

Ծանր լռություն մը տիրեց։ Փոխնիփոխ Խաչիկին դեմքը կպարզվեր և կկնճռոտեր։ Անոր երկու հոնքերը թառեցան ճակտին վրա և այդպես մնացին։

— Էհ, ի՞նչ կըսես, Խաչի՛կ,— ըսավ Զարեհ էֆենդին։

Խաչիկը լուռ մնաց։

— Ատանկ նվեր մը աղվոր ազդեցություն կգործե,— ըսավ Զարեհ էֆենդին շողոմ լեզվով։— Դեռ իմ ականջիս ուրիշ բաներ հասեր են։ Բարձր տեղե կհետաքրքրվին կոր մեզմով, մեր ազգով։ Երբ տեսնեն, թե մեր արհեստավորները ինչ տեսակ գործ ընելու կարող են, հարկավ թե մեր ազգին պատիվը կբարձրանա․․․

— Ամենեն առաջ Ապոստոլին խնդիրը կարգադրելու է,— ըսավ Խաչիկը հանկարծակի։