— Դեռ երեք շիշ բորդո ունինք,— պատասխանեց Վիկտորյան, բայց անոր սիրտը սկսավ դողալ։
Բարպան ծխախոտի տուփը հանեց գրպանեն և սկսավ, առանց գլուխը բարձրացնելու, սիգարեթ մը ոլորել և հետո, միշտ գլխահակ, դիմեց Միհրանին.
— Գնա՛,— ըսավ ան,— ըսե պարոն Էմիլին և կնոջը, որ այսօր ցորեկին մեզի ճաշի գան։
— Բարպա՛,— ըսավ Վիկտորյան, դողացող ձայնով:
— Գնա՛,— կրկնեց Բարպան Միհրանին։
Երբ Միհրանը դուրս եկավ սենյակեն, Վիկտորյան նստեցավ մյուս բազմոցին վրա։ Անիկա կջանար ինքզինքը զսպել բայց, մյուս կողմանե, չէր կրնար իր մտահոգությունները ծածկել:
— Բարպա՛,— ըսավ Վիկտորյան հաշտ ձայնով,— քու գիտնալիք բանդ է, բայց եթե այսօր բոլոր դրամը ծախսենք, կծախսվի, փարան երեսի ջուր չունի[1], ի՞նչ պիտի ընենք մինչև մյուս շաբթու գլուխ։
— Քու գործդ չէ,— սաստեց Բարպան։
Վիկտորյան այլևս չի խոսեցավ և, պատրվակ մը բռնելով, իջավ խոհանոց։
Բարպան, սաստելով իսկ խոսած միջոցին, զղջացեր էր և անկեղծորեն կուզեր Վիկտորյային սիրտը առնել, բայց կսպասեր, որ կինը բարձրանար սենյակը, և առիթ մը ներկայանար անոր անուշ խոսք մը ընելու։
Բայց փոխանակ Վիկտորյային, Միհրանը շուտ վերադարձավ։
— Հոն չեն,— ըսավ անիկա։
— Հոգ չէ,— ըսավ Բարպան, շուտով կվերադառնան,— և պատվիրեց Միհրանին հետը դուրս ելլել։ Բարպային մտադրությունն էր գնումները ընել, Միհրանին հետ տուն ղրկել և հետո երթալ սրճարան՝ իր ընկերները տեսնելու համար։
Բակը, բազմոցին վրա նստած, կոշիկները հագնելե հետո, Բարպան գնաց դեպի խոհանոց և Վիկտորյային, որուն աչքերը կարմրած էին, ըսավ մեղմ ձայնով.
- ↑ Փողը անսպառ չէ (ժող․ ասացվածք)։