— Եթե յուլյուֆեր գտնեմ, կղրկեմ, կխորովես, իսկ տապկելու համար կա՛մ խալխան կառնեմ կա՛մ թեքիր, պլաքի մըն ալ պատրաստես, գեշ չըլլար. ի՞նչ առնեմ։
— Կեֆալը աղվոր կըլլա,— ըսավ Վիկտորյան:
— Այսօր ձուկի սեոհբեթ՞ պիտի ընենք, հյուներդ ցուցուր, քեզ նայիմ, Վիկտորյա՛,— ըսավ ան։
Վիկտորյան՝ բավականացած Բարպայի ժպտուն տրամադրությունով, ամեն բանի պատրաստ էր։ Անիկա ժպտեցավ և պատվիրեց, որ Բարպան անպատճառ կանանչ սալատա ղրկե։ Բարպան գլխով հավանություն տվավ և ըսավ դուրս ելլելով.
— Նայե՛, Վիկտորյա՛, ականջ դիր, քովինները երբոր գան, իմացուր, շատոնց խոսքը եղեր է։
— Գլխուս վրա, Բարպա,— ըսավ Վիկտորյան և խոհանոց մտավ հուզմունքը ծածկելու համար:
Բարպա Խաչիկը և Միհրանը նախ անցան ֆեսճի Մելքոնի խանութը, ուր Բարպան ածիլվեցավ։ Մեկնելու պահուն ֆեսճին ըսավ Բարպային.
— Լուրերը գեշ են, այսօր, վաղը բան մը կպայթի։
— Պատերազմի համա՞ր ես,— հարցուց Բարպան։
— Ճեհեննեմը պատերազմը ըսավ ֆեսճի Մելքոնը՝ ուսերը թոթվելով,— խնդիրը ան է, որ ասոնք կատղած են․․․
— Հիմակ հուրիյեթ է, բան չի կա,— պատասխանեց Բարպան, կարծես ինքն ալ չի հավատալով իր խոսքին։
— Հուրիյե՞թ մի,— ըսավ ֆեսճի Մելքոնը հեգնական,— դուն կտեսնես, ատ գործին մեջ մենք առնելիք-տալիք մը չունինք, բայց ասդին կդառնա, անդին կդառնա, նորեն պոչը մեզի կդպչի։
Բարպան մտահոգ հեռացավ ֆեսճի Մելքոնի խանութեն և երբ քիչ մը հառաջացան, անիկա հարցուց Միհրանին.
— Աս խնդիրներուն վրա կոլեջը բան մը կխոսի՞ն կոր։
Միհրանը պատմեց, թե թուրք և բուլգար