Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գիշերօթիկներու մեջ կռիվ եղեր էր, իրարու վրա հարձակեր էին. ֆրերները միջամտեր էին, բայց այդ դեպքերու արձագանքը կար ցորեկօթիկներու մեջ։ Այսօր ալ ըսեր էին, որ բուլգարները իրենց ծնողներու մոտ պիտի երթան։

— Իսկ հայ աշակերտնե՞րը,— հարցուց Բարպան։

— Հայ գիշերօթիկ չի կա,— պատասխանեց Միհրանը,— բայց ամենքն ալ գիտեն ատ խնդիրները ու կվիճին։ Հայերը,— ավելցուց Միհրանը,— բուլգարներուն կողմը կբռնեն կոր:

Պահ մը Բարպան և Միհրանը լուռ քալեցին, հետո Բարպան ըսավ.

— Միհրանի՛կ, դուն ատ գործերուն մի խառնվիր։

— Ես,— ըսավ Միհրանը վճռական շեշտով,— պատերազմի դեմ եմ:

Բարպան կողմնակի նայվածք մը ուղղեց Միհրանին՝ զարմացումով, որովհետև չէր կրնար ըմբռնել, որ Միհրանը ինքնուրույն կարծիք մը կրնար ունենալ։

Ամեն օր իր աչքին տակ ունենալով, Բարպա Խաչիկը չէր նշմարած, թե ինչպես պատանին ուռճացեր և կազմավորվեր էր։ Անիկա կիրակի օրերը չէր հագներ դպրոցական համազգեստը, որը կրողները խիստ հսկողության կենթարկվեին, պահեր էր միայն կեպին, որ շատ կվայլեր անոր նուրբ և դեռ քիչ մը դժգույն դեմքին։ Միհրանը այժմ կկրեր կարճ տաբատ և բաճկոնին տակ՝ ճերմակ, տանթոն օղիկով շապիկ: Անոր դեմքը լուրջ էր, և թեև իր տարիքին հատուկ անորոշությունը իր կնիքը դրեր էր անոր դիմագծերուն վրա՝ պեխերու աղվամազը, այտերու նիհարությունը, քիթը ուղիղ, բայց մեծ, այսուամենայնիվ ուշադիր դիտող մը կգուշակեր, որ ան պիտի դառնար գեղեցիկ երիտասարդ, իր բարակ և կամարաձև սև հոնքերով, որոնք գրեթե իրար կմիանային, և խոշոր սև բիբերով, որոնք կլողային կապտորակ սպիտակով աչքերուն մեջ։ Իսկ երբ կեպին հաներ, սև և թեթև մը կոհակավոր առատ մազերը կամբողջացնեին անոր տեսքին պատանեկան հրապույրը։

«Դեմիրճի Սահակեն ալ ասանկ տղա կելլա՞ եղեր», մտածեց Բարպան, բայց անմիջապես խորհեցավ իր քրոջը