Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտորով մը ծածկեր էին և հաց ու ոսկոր կուտային մորը և ձագերուն։ Երբ շունը Սեղբոսին հասավ, դունչը բարձրացուց, խելացի աչքերը սևեռեց անոր և կրկին սուրաց դեպի հյուղակին դուռը և սկսեց մռմռալ. հետո անհամբեր վերադարձավ տանտերին մոտ։ Այս բոլորը տեսնելով, Սեղբոսը հոնքերուն վրա թառած ձյունը մաքրելով կմրմնջեր․․․

— Աճայի՜պ․․․ աճայի՜պ․․․

Երբ վերջապես շունին հետ հասավ դռանը, շունը կանգնեցավ, պոչը պահեց ետևի ոտքերուն մեջ և սկսավ դողալ ամբողջ մարմնով։ Ձյունը անընդհատ կտեղար, և մոտիկ թաղերու մեջ շուները կոռնային կամ կկաղկանձեին ողբալիորեն։ Դեղին շունը, կարծես սարսափահար, իր կարգին սկսավ կաղկանձել և դունչովը պեղել ձյունը, որ կույտ մը կազմած էր շեմին վրա։ Սեղբոսը ծռեցավ և ձյունի կույտի մեջ գտավ զամբյուղ մը։ Անիկա անմիջապես սթափվեցավ գինովութենեն և հասկցավ։ Սովորական բան Էր պատահածը։ Նորածին մը թողեր էին իր սեմին վրա։

— Այ, Հեղինե՛,— կըսեր Սեղբոսը, կրակարանին առաջ, երբ կինը լուռ հումունքեն դողդղացող ձեռքերով մարդուն կերակուրը սանով կտաքցներ եռոտանիին վրա,— այ Հեղինե՝, կաղանդ պապան մեզ նվեր է բերեր, դեռ ի՞նչ կուզես։ Յա՜, ի՞նչ գիտցար, Աստված ինքը չպիտի գար մեր դուռը զարներ, չոճուխ մը ղրկեր է․․․ սա պերեքեթ Է, պերեքեթ։

Զամբյուղը բացեր էին և գտեր էին չորս-հինգ օրական աղջիկ երեխա մը՝ պարուրված ճերմակ բրդեղենի և ձյունաթույր խանձարուրի մեջ, որուն ծալքին տակ գտեր էին թուղթ մը՝ հունարեն գրված հետևյալ պարունակությամբ.

«Հալածված անգութ ծնողներե, ստիպված եմ եղեր երեխաս լքել։ Մկրտված է օրթոդոքս եկեղեցիին մեջ, անունը Սոֆյա Է։ Բարի մարդիկ ողորմեցեք իրեն»։

Հեղինեն զայրույթով բռնկվեր էր.

— Զենկինի բիճ Է, կերևա, իրենք քեֆը ընեն, մե՞նք քաշենք նեղությունը․․․ չամչցածներ, լիրբեր․․․ վաղը առտու կանուխ կտանիմ կհանձնեմ հունաց եկեղեցին։

Սեղբոսը լուռ և գլխահակ, ինչպես եթե ինքը պատասխանատու ըլլար պատահածին, սպասեր էր, որ կնոջը զայրույթը