Էջ:Բարպա Խաչիկ.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ո՛չ Բարպային, ո՛չ իսկ Վիկտորյային, որոնք, իրենց միամտության մեջ, չէին կարող գուշակել, թե ինչո՞ւ երբեմն Միհրանրը կվերադառնար կոլեջեն հուսահատ և հոգնած և թե ինչո՞ւ անիկա իսպառ կորսնցուցեր էր իր պատանեկան զվարթությունը և եռանդը։


Բայց կային հանգամանքներ, որոնք նեցուկ եղան Միհրանին դպրոցական կյանքի առաջին տարիներուն մեջ։


Միհրանը համոզված էր, որ ուսմունքը այն գլխավոր զենքն է, որով միայն ան կրնա հաղթել թշվառության։ Անիկա սոսկումով կհիշեր իր մանկության շրջանը, հորենական տան թշվառությունը, հորը վերջին ժամանակները ստացած նսեմ երևույթը, երբ անկարող դարձեր էր աշխատելու, և, մանավանդ, Իպրաքսե հորաքույրը՝ բամբասող և չարակամ, որ իր բորբոս հոտող տան հետ, որուն մեջ ոչ թե Իպրաքսեն կապրեր, այլ, կարծես, այդ տունը անոր էութենեն բխող պատյանն էր, կպատկերացնեին Միհրանին այն անփառունակ կյանքը, որուն սահմանված էր և ուրկե ազատվեցավ մորը մահովը։


Միհրանը կաշխատեր ուրեմն փութաջանությամբ և լրջությամբ։ Անիկա լարված ուշադրությամբ կլսեր դասախոսները և բառ մը չէր կորսնցուներ անոնց ավանդած գիտելիքներեն։ Անիկա, մանավանդ, հետամուտ էր կատարելապես սորվելու ֆրանսերեն լեզուն, որ իրեն առաջ կբանար բոլոր հնարավորությունները։ Միհրանը անսահման երանությամբ կմտածեր, որ երբ կոլեջը ավարտեր հաջող կերպով, Բարպան իր մտադրությունը կկատարեր և զինքը կղրկեր Փարիզ համալսարանական ուսմունք ստանալու համար։ Իսկ երբ բժշկությունը ավարտեր— Միհրանը կուզեր բժիշկ ըլալ— և վերադառնար Կ. Պոլիս, ամեն միջոցները կունենար՝ տիրելու համար պոլսական ընկերային կյանքի բարձունքները։


Միհրանը, հորը տունեն փոխադրվելով Բարպայի բարեզ կեցիկ արհեստավորի բնակարանը, խորհեր էր, որ այդ է ալֆան և օմեգան լավ, պատշաճ և արժանավոր կյանքի: Բայց Մեծ կղզին երթալե և Զարեհ էֆենդիին տանը կարգուսարքին վերահասու լինելե հետո Միհրանին փառատեն-