մահալի բան մը ըսեմ, մարդկությունը իր ամբողջության մեջ կարհամարհեմ, բայց առանձին մարդոց թշվառությունը ինձ կվիրավորե։ Ա՜հ,— ըսավ անիկա խոր Հուզումով,— այդ խնդիրը… մենք զինաթափ կըլլանք առանձին մարդոց թշվառության առաջ։ Միհրանը կհետաքրքրվեր, գլխավորաբար, մարդոց մեջ տիրող անհավասարության հարցով և կուզեր գիտնալ, թե ինչպե՞ս առաջ եկած էր անիկա։
—Եթե ճիշտ պատճառը գիտնանք,— ըսավ Միհրանը,— թերևս կարենանք գտնել, թե ինչպե՞ս կարելի է վերցնել անհավասարությունը։
—Զանազան կարծիքներ կան,— ըսավ Արտակը,— Բայց ես քեզ կուտամ գիրք մը, կարդա՛։ Միայն թե գիրքը կոլեջ չեմ կրնար բերել, արգիլված գիրք է:
Մինչ այդ Արտակի միջոցով Միհրանը ծանոթացեր էր ուրիշ դպրոցներ հաճախող պատանիներու հետ, որոնց մեջ մեծ թիվ մը կկազմեին կեդրոնականցիները։ Անոնցմե երկարը, գավառացի տղաքներ, իրենց հախուռն խոսքերով և խորհրդավոր կյանքով — Միհրանր զգաց, որ գաղտնի գործ մը կկատարեին — հետաքրքրեցին զինքը, բայց անոնք մնացին վերապահ և քիչ մը արհամարհական, որովհետև Միհրանը բնիկ պոլսեցի էր։ Անոնք կխոսեին գավառները պատահած դեպքերու մասին և կըսեին, թե պետք է կազմակերպվիլ հայ ազգը փրկելու համար թրքական լուծեն։
-Ատոր համար զոհվիլ պետք է,— կըսեին անոնք,- երթալ հուրի և սուրի մեջ։ Այդ ձեր գործր չէ, — կըսեին նաև անոնք, — մահալլեբիով սնած պոլսեցիներու գործը չէ, այդ մենք պիտի ընենք։
Միհրանը կվիրավորվեր և կզգար, որ անարդար և անճիշտ բան է մեկ վայրի մը մեջ բնակող բոլոր մարդիկը նույն գնահատականին ենթարկել։ Ինքը իր անձնական փորձով գիտեր, որ հսկայական տարբերություն կար իր և դպրոցական ընկերներու մեջ։ Մյուս կողմե, Միհրանը իր հորենական տան մեջ տեսեր էր այնպիսի չարքաշություն, որուն քիչերը կրնային տոկալ։ Անիկա գիտեր նաև ուրիշ աղքատ