լուրերուն։ Բայց երբեմն կզվարճանային խոսելով մեծ պետությանց մրցակցության հետևանքով կատարված վարպետ խաղերու մասին։ Անոնք, կարծես թե, կակնալեին կրկեսի խաղերու, որոնց դերակատարները իսկական գազաններ ըլլային։ Ոմանք ալ անցողակի համակրանքներ կունենային մեկ կամ մյուս գազանին համար, ինչ որ տեղի կուտար անվերջ կատակներու։
—Քուկինիդ ոտքը ծուղակին մեջ բռնվեր է,— կըսեր պալաբըյըխ Հակոբը Ղուկասին, որ հազիվ զսպված հիացումով կպատմեր Անգլիո Նենգավոր խաղերու մասին։
—Քու արջդ ալ անոթի կպարե կոր,— կըսեր Ղուկասը։ Բարպան, առանց երբեք միջամտելու, բարեհաճ ժպիտով կլսեր այս խոսակցությունները, իսկ Վասիլը իզուր կփորձեր լրջությամբ անդրադառնալու այդ լուրերուն։
Իրիկուն մը, այսպես, Բարպայի սենյակին մեջ, ուր Ղուկասը և Հակոբը նստած էին օղիի սեղանին շուրջ, խոսեցան քաղաքական լուրերուն և անոնց կապակցությամբ հայ կոմիտաճիներու մասին։ Միհրանը, որ իր սեղանին առաջ նստած, դաս կպատրաստեր, ընդհատեց աշխատանքը և հետևեցավ խոսակցության։
Ղուկասը կգանգատեր, որ դաշնակցականներ կդեգերեին իրենց արհեստանոցի շուրջը՝ «մարդ որսալու» համար։
—Գիտե՜մ,— ըսավ Հակոբը,— նույնիսկ ինձ մոտ աշխատողներուն մեջ գրվողներ կան։ Մեր տղաքը հանցանք չունին,— ավելցուց անիկա,— ջահիլ են, կյանքի փորձ չունին, գլուխնին շուտով կդառնա։
—Ես մեր տղաքը կանչեցի, հետերնին խոսեցա,— ըսավ Ղուկասը,— կըսեն կոր, որ մենք ազատ չե՞նք մեր ազգին մասին մտածելու ազատություն կըսեն կոր, մեր ազգին անկախությունը կըսեն կոր։ Ես ըսի, որ էսնաֆը ատանկ բան չի ճանչնար, էսնաֆության մեջ հայ, թուրք, հույն չի կա, ամենքը մեկ են. օրինակ, մեր քով հույներ կան, ըսի, մեր եղբայրներն են, իսկ ատ կոմիտաճիները որոմ կուզեն կոր ցանել, ըսի, հելալ աշխատանքով ապրող մարդոց մեջ… Է՛հ, ի՞նչ կուզես որ պատասխանեն…