սերով։ Կ. Պոլիսը կծածկվի անորոշ սպառնալիքի գորշ շղարշով մը, որուն ներքև հայտնի չէ, թե ի՞նչ կդավադրվի, ի՞նչ կպատրաստվի։
Գործերը կդադրին, կենսամթերքներու գիները կտասնապատկվին։ Հարուստները զանազան միջոցներու կդիմեն իրենց պատրաստի դրամները փոխադրելու համար եվրոպական բանկերը։ Բայց ո՞ր երկրի բանկերը։ Ո՞վ է թշնամին, ո՞վ է բարեկամը։ «Ա՜հ,— կըսեն անոնք դեպի Վոսփոր բարձրացող կամ կղզիները գացող շոգենավերու վրա, հանգիստ թիկնաթոռներու մեջ բազմած,— երանի աղքատաց, որ այդպիսի հոգեր չունին»։
Հարուստները իրենց զավակներուն բեդելը կվճարեն և իրենց մոտ կպահեն կամ Եվրոպա կղրկեն։ «Ո՞վ գիտե, ինչ կըլլա, ինչ չըլլար»։ Միջակ կարողության տեր մարդիկը իրենց սնդուկները կպարպեն, ամեն ինչ դրամի կվերածեն՝ իրենց զավակներուն բեդելների վճարելու համար, իսկ չքավորները, ստիպված, իրենց ամուսինները և զավակները կղրկեն բանակ, որոնցմե աղեխարշ և անհասկնալի նամակներ կհասնին.
«Վերցուցին վրայի հագուստներս, ըսելով, թե զինվորական զգեստ պիտի տան. մնացի շապիկով, վարտիքով և աս ցուրտին քար կկտրեմ սառած ճամփաներու վրա։ Անուշիկ մայրի՛կս, ճար–ճարակ ըրե, իձի ձեռք մը հագուստ ղրկեն»։
Անցեր են շաբաթներ և ամիսներ, և շատեր կան, որ որևէ լուր չեն ստացած բանակ գացող իրենց հարազատներեն։
Ամեն օր կանանց խուռն բազմություններ կխուժեն Կարմիր Մահիկի գրասենյակները, կխճողեն պատերազմական նախարարության նրբանցքները՝ որևէ լուր մուրալու համար իրենց որդիներու, ամուսիններու մասին։ Ամեն վիճակի, տարիքի և ազգի պատկանող կանայք, որ երբեք իրար չէին հանդիպած, իրարու հետ կմիախառնվին այդ անողորմ դռներու առաջ. մեկուն ստացած լավ լուրը կհուսադրե ամենքը, վատ լուրը կսգավորե այդ զանգվածը, որ կազմված է բաբախուն և ցավոտ սրտերով։ Երբեմն կլսվի սուր և աղեխարշ աղաղակ մը. «Օղլո՜ւմ… օղլո՜ւմ…», որուն արձագանք կուտան հայերեն և հունարեն եղերական բացականչություններ։