Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թերթերը, որոնք, դեռ խոնավ, ձեռքե-ձեռք կխլվին, կուտան հաղորդագրություններ եվրոպական ճակատներե և կհրատարակեն հողվածներ, որոնք լի են սպառնալիքներով «ներքին թշնամիներու» մասին։ Ո՞վ են այդ ներքին թշնամիները. ոչ ոք որոշակի կմտածե այդ մասին։ Հացին գինը բարձրացեր Է և երբեմն կպակսի։ Առավոտ կանուխ, դեռ լույսը չի ծագած, պոչեր կկազմվին փուռերու առաջ։ Կառավարությունը հացի քարտեր կհաստատե։ Ոստիկաններ կզարնեն խաղաղ բնակիչներու դռները և կարձանագրեն տնեցիներու անունները, «Մարդ չի ծածկեք, հացի համար Է», կըսեն անոնք։ Բայց տուներու մեջ փախստական զինվորցուներ կան, ձեղնահարկերը, ուր կդրվեին տանը անպետք իրերը, լեցուն են բնակիչներով։

Ամեն իրիկուն մունետիկներու ձայները կերկարին տխրած փողոցներու մեջ. «18…ի ծնածները, երեք օրվան պաշարով, վաղը առավոտ ժամը ութեն֊տասը ներկայանան իրենց թաղամասի առաքման բաժինը… անսաստողները կենթարկվին խիստ պատիժի՜…ի՜… ի՜…»։

Շուները կողկողագին կկաղկանձեն, կարծես կընկերանան մունետիկներու մահասարսուռ աղաղակներուն , որոնք կերկարաձգվին թաղերու մեջ։ Փողոցները ամայի են, դռները և պատուհանները փակ, վարագույրները քաշված, և տուներու մեջ պլպլացող դողդոջուն լույսի տակ պառավ հանին՝ կմախային բազուկները կարկառելով, կբողոքե.

—Ո՜վ անսիրտ աստված, ինչու՞ ժամանակին հոգիս չառիր, որ աս չար օրը չտեսնեի։

Օրորոցին մեջ երեխան կուլա ողբաձայն, և մայրը չի կարող մանկիկը մխիթարել։ Անոր օրորը կդառնա ողբ, երբ կդիտե երեխային հայրը, որ կմտածե, թե չի պիտի տեսնե իր զավկին մեծնալը։ Հույսը համառ Է անոր մեջ, թերևս վերադառնա, խեղանդամ և անզոր, բայց վերադառնա… Այսուամենայնիվ, ան չի պիտի լսե երեխային առաջին վանկերը, չի պիտի տեսնե անոր առաջին քայլերը, ինչու՞, ինչու՞, ի՞նչ բանի համար։

—Մարեցեք լույսերը, մարեցեք կանթեղները…

—Նավթ չի կա, մոմ չի կա: