Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նիհար դեմքը, բարձր ճակատը հրապուրեր էին Միհրանը։ Ժամանակի ընթացքին Սաֆիեն ավելի սիրելի դարձեր էր Միհրանին, մանավանդ, երբ Ռեմզիի բացակայության անիկա պահպաներ էր կապը Միհրանին և համախոհ ընկերներու մեջ։

Միհրանը սուր խայթոց մը կզգար սրտին մեջ, երբ կհիշեր պատերազմի այդ մղձավանջային տարիները։ Բարպայի աքսորվելեն հետո ոչ մեկ լուր չէին ստացեր անկե։ Միհրանը և Վիկտորյան համոզված էին, որ այնքան ուրիշներու հետ Բարպան ևս կորսված էր արյան հորձանքի մեջ։ Բայց կացությունը այնպես էր, որ նույնիսկ հնարավորություն չի կար երկար մտածելու և սգալու իրենց ենթադրյալ կորուստը:

Ռեմզին, նախատեսելով, որ մինչև տասնութ տարեկանները զենքի տակ պիտի կանչվին, Միհրանը տեղավորեր Էր Հայդար Փաշայի կայարանին հաշվապահական գրասենյակին մեջ։ Երկաթուղագծի վրա աշխատողները կհամարվեին բանակի օժանդակ ծառայության մեջ և զերծ Էին զենքի տակ կանչվելե։ Բայց օրերը դարձեր էին հետզհետե ավելի դժվար, և օր մըն ալ գերմանացի վերստուգող սպա մը Միհրանը հաներ Էր գրասենյակեն և ուղարկեր Էր կայարանի դարբնոցը։

Առաջին օրերը Միհրանը՝ իրեն համար անսովոր ֆիզիկական աշխատանքեն ընկճված, ամեն իրիկուն կիյնար հանրակացարանի խոտե մահիճին վրա հևալով։ Նույնիսկ ուտելու, կտոր մը սև հաց կրծելու ուժը չէր ունենար։ Հետո, հետզհետե, Միհրանին մկանները սորվեցան աշխատանքին դիմադրելու, հետո դործերու ղեկավարը փոխվեցավ։ Միհրանը կմտածեր, որ մինչև իր վերջին շունչը չի պիտի մոռնար այն անպատմելի պահը, երբ հանրակացարանի գարշահոտ խավարին մեջ, այն ժամուն, երբ ամենքը մեռելի պես կքնանային, ստվեր մը մոտեցավ իր մահիճին, և տաք ձեռք մը բռնելով իր ինկած ձեռքը՝ մրմնջեց.

-Ընկե՜ր… ընկե՜ր…

Այդ չավուշ Աբդյուլռահմանն էր, գործերու նոր վերակացուն։ Սաֆիեն, զանազան հնարքներու դիմելով և գաղտնապես միջնորդություններ շարժման մեջ դնելով, իրենց ընկերը՝