Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

—Անցե՛ք, գացե՛ք,— գոռաց կրկին Միհրանը պատանիներու երեսին։

Անցորդները կդանդաղեին և դեռ չի հասկնալով, թե ի՞նչ պատահեր էր, ժպտուն դեմքերով կնայեին Միհրանին և պատանիներուն։ Այդ միջոցին թուրքերը մտան կողմնակի փողոց մը և անհետացան։

—Քեզ ի՞նչ պատահեց,— ըսավ համարձակ պատանի մը Միհրանին։

Շուտով մրմունջ մը լսելի եղավ Միհրանին շուրջը.

—Թագավորական է, թագավորի կողմնակիցներեն է։

Ոչ ոք չի կասկածեցավ Միհրանին մղում տվող բուն պատճառին վրա, ինչպես նաև ոչ ոք չի մտածեց, որ անիկա հույն չէր։ Եվ որովհետև ամենուն տրամադրությունը տոնական էր, չուզեցին միջադեպ ստեղծել։ Միհրանը իր կարգին սողոսկեցավ բազմության մեջ և փորձեց Բարպան գըտնել, բայց անիկա՝ քշվելով բազմութենեն, հեռացեր էր անզգալաբար։

                                    *
                                 *     *

Բարպան և Միհրանը իրար գտան Ֆեսճի Մելքոնին խանութը, ուր խումբ մը նորելուկ հայ հաճախորդներ, պատերազմի միջոցին հարստացած առևտրական տղերք, աղմուկով կխոսեին օրվա դեպքերուն վրա։

Անոնք կըսեին, թե շուտով հելլենները ջախջախիչ պարտության կմատնեն քեմալական ուժերը և թե Անատոլուն…

—Ես լսեցի, որ Պոլիսը հույներուն պիտի տրվի,— ըսավ անոնցմե մեկը։

Այդ լուրը որոշ տհաճություն հառաջ բերավ։

—Հույները ի՞նչ են, որ պիտի տիրանան Պոլսո նման կարևոր քաղաքի մը,— ըսավ խարտիշահեր երիտասարդ մը, որուն գանգուրները գետին կիյնային սափրիչին երկայն մկրատով։

—Այսօր իսկ հունա-հայ միթինկ մը պիտի ըլլա,— ըսավ աոաջին խոսողը,— անպատճառ երթանք։

—Հիմակ դըրջանները մեզի պետք ունին, անուշ լեզու