Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԳԼՈԻԽ ՅՈԹԵՐՈՐԴ

                                   ՄեՏԵԿ 

«Սեն Նիկոլա» շոգենավը կանգնած էր Ղալաթիո քարափին մոտիկ և արդեն խարիսխ կբարձրացներ. շոգենավը կկրեր միջդաշնակից դրոշակը, բայց անոր նավապետը, օգնականները և բոլոր նավաստիները ռուսներ էին։ Ճամփորդներն ալ մեծ մասամբ ռուս տարագիրներ էին, բացի կամրջակին վրա գտնվող չորրորդ Կարգի ճամփորդները, որոնց մեջ, բացի ռուսները, կային հայ գաղթականներ։

Մեկնելու վրա եղող շոգենավի մը հատուկ իրարանցումին մեջ, երբ խարիսխը բարձրացնող անիվին շղթայի կռինչը՝ անկումներու համաչափ դղրդյունով, կխառնվեր բեռնաբարձ կռունկներու անվերջ և խլացուցիչ աղմուկին, Վիկտորյան կջանար իրենց հատկացված անկյունին մեջ տեղավորել իրերը և գիշերվան համար պառկելու տեղ պատրաստել։ Բարպան՝ շշմած, նստած էր արկղի մը վրա և անընդհատ ճակատի քրտինքը կսրբեր, հակառակ որ իրիկնային զով քամին կանցներ հոգնած և պարտասած ճամփորդներուն վրայեն, և անոնցմե ոմանք նույնիսկ կսարսռային անպատսպար կամրջակին վրա։ Միհրանը՝ մեկնումի տենդով կերթար֊կուգար, կանգ կառներ, պահ մը ուզելով օգնել Վիկտորյային, բայց զգալով իր անօգուտ ըլլալը, կրկին կհեռանար և անհամբեր կսպասեր, որ ուղեկիցները իջնեն, որոշվի, թե ով կա, ով չի կա իբր ճամփորդ և վերջապես ճամփա ելլեն։