Jump to content

Էջ:Բարպա Խաչիկ.djvu/465

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծես սին ստվերի մը ետևեն վազելով, անիկա կորսնցուցեր էր իր մեկնման կետը, ոտքի տակի հողը, շոշափելի իրականությունը։

Շոգենավը դեռ մեղմորեն կհառաջանար նավահանգստին մեջ, առաջնորդված ռըմորկեորով մը, որուն փոքրությունը՝ շոգենավին Համեմատած, մտածել կուտար փոքր տղու մը, որ ձեռքեն բռնած կառաջնորդե հսկահասակ կույր մը։ Հանկարծ շոգենավի շչակը ցայտքի մը հետ արձակեց իր խըռպոտ սույլը. տարագիրներու շոգենավին այդ սույլը նման չէր այն տիրապետող թավ և ծավալուն սույլին, որ երբեմն Բարպան կլսեր մինչև Թաթավլայի տան մեջ և որ կարծես կծանուցաներ ուրախ և հուսառատ մեկնում՝ դեպի նոր և հրաշալի ժամանումներ։ «Սեն Նիկոլայի» սույլը նման էր զառամած մարդու անզոր ճիգի, որուն խռպոտ և կերկերուն աղմուկին մեջ զգալի է անցյալ խրոխտություններու մարած շեշտը։ Բայց տարագիրներու շոգենավին այդ անզոր կանչին պատասխանեցին ուրիշ շոգենավերու բամբ ձայները, կարծես հրամայական և կշտամբող, և վոսփորյան վերջալուսային երանգավոր և զով մթնոլորտը լեցվեցավ մոգական ձայներով, որոնք քաղաքեն վեր, թրթռացող ալիքներով, Կխոսեին մի ինչ-որ խորհրդավոր և երկյուղալի իրողության մասին։

Լեանդրի աշտարակի առաջ շոգենավը պահ մը կեցավ. որմորկեորը անջատվեցավ և արագ ընթացքով հեռացավ դեպի աջ։ Այժմ Միհրանը և Բարպան շոգենավի մյուս եզրեն կդիտեին ասիական ափունքը, և իրենց աչքերը կթափառեին Սկյուտարի բարձրության վրա, ուր անհամար լույսեր աչքերու պես կքթթեին։ Միհրանը այդ պահուն կվերհիշեր այն իրիկունը, երբ իր Սկյուտար կատարած վերջին այցելութենեն հետո կամուրջի վրայեն, նման պահու մը, դիտեր էր Սկյուտարը հեռուեն և զգացեր էր, որ ընդմիշտ կտրված է անկե։ Այժմ ևս ան կզգար, որ իր հետև կթողուր իր դժբախտ մանկությունը և պատանեկությունը, և անոր այդ զգացողության մեջ որևէ ցավ չի կար. ընդհակառակը, անիկա իր երիտասարդական բոլոր թափով կձգտեր դեպի անծանոթ ապագան. անոր հոգին լեցուն էր հորդառատ հույսով և