Երբ հորաքույրը հրավիրեց վերի սենյակը բարձրանալ խահվե մը խմելու համար, Վիկտորյան, հակառակ լսած ծանր խոսքերուն, Միհրանին համար անհասկնալի խոնարհությամբ ընդունեց հրավերը։ Ան նույնիսկ կարծես թե շողոքորթված էր, որ Իպրաքսեի նման կին մը, ժամանակին կարգով, կանոնով պսակված, կհոժարեր իր նման կին մը հյուրասիրել, խահվե հրամցնել։ Եվ հակառակ, որ Միհրանը չէր ուզեր երբեք Վիկտորյայի ցակություններուն դեմ երթալ, այս անգամ բողոքեց և ըսավ, թե ինքը կուզե հայրը տեսնել և անմիջապես մեկնիլ:
Հորաքույրը՝ չըմբռնելով եղբորորդուն զայրույթը, նախ զարմացական «քա՜» մը արձակեց և հետո գնաց դռանը սեմին վրա Սեփոնը գտնելու, որ փողոց սպրդեր էր՝ նոր շահատակություններ ընելու համար, իր նման ստահակներու հետ, տոնի մեջ եղող հրեաներուն։ Անիկա եկավ վերջապես և պատվեր ստացավ երթալ Միհրանին հայրը գտնելու Պաղտիկին սրճարանը և անոր ըսելու, որ տուն գա։
Միհրանը դժկամությամբ բարձրացավ սենյակը, ուր այնքան դառն ժամեր անցուցած էր, երբ իրենց տանը հիվանդ կամ մեռել ըլլալու պատճառով քանի մը օրեր մնացեր էր հորաքրոջը քով։ Նույն բազմոցն էր, որուն բարձերուն ետևեն բորբոսի հոտ կուգար, նույն ծածկոցը՝ կազմված մանր և գույնզգույն կտորներով, որոնք գունատեր էին, նույն միակ պատկերը պատին վրա, որուն շրջանակի ոսկին ա՛լ ավելի թափեր էր։ Այդ պատկերը գրավյուր մըն էր, որ կներկայացվեր կիներ և աղջիկներ, որոնք ծնծղաներով և պարելով կդիմավորեին Դավիթը։ Պատկերին ապակիին տակ, շրջանակին ստորին մասին և երկու կողերուն դրված էին լուսանկարներ, որոնցմե մեկը Միհրանի հայրն էր՝ փեսության հագուստներով, գլուխը բաց և արդեն քիչ մը ճաղատ։ Այդ պատկերին վրա ալ ան տխուր երևույթ ուներ հակառակ բռնազբոսիկ ժպիտին, անտարակույս հետևանք լուսանկարչին հրամայական պատվերին, որ կխեղաթյուրեր անոր դիմագծերը։
Իպրաքսեն պահարանե մը դուրս հանեց խահվեի ափսեն, սենյակին մեջտեղը քաշեց սաճե մանգալը, կրակը բացավ և ինքն ալ մինդերի մը վրա նստելով, սկսավ սուրճը