աղմուկը, Միհրանը վազեց Վիկտորյայի մոտ, որ գործը վերջացուցեր էր և, բարձր նալըններու վրա թառած, խոհանոցի սալաքարերը կմաքրեր առատ ջրով: Անիկա, պատանին տեսնելով, ընդհատեց աշխատանքը և թաց ձեռքերը չորցնելով իր գոգնոցով, եկավ անոր հետ բակին բազմոցին վրա և սկսավ հարցուփորձել։ Միհրանը պատմեց Ապոստոլին վիճակը, Վիկտորյան անկեղծ կարեկցությամբ ձեռքերը ծունկերուն զարկավ և աչքերը արցունքոտ բացականչեց.
— Վա՜խ, քայմենի, վա՜խ, քայմենի․․․
Հետո Միհրանը ըսավ, որ մորեղբայրը և ընկերները գացին Կոբեռնիկին սրճարանը՝ Վասիլին հանդիպելու։
Վիկտորյան այդ լսելով ամոքվեցավ։ Անիկա անսահման հավատք ուներ եղբորը և Բարպային վրա և համոզված էր, որ անոնք միացյալ ուժերով կհաղթեն թե՛ Ճիզվիտին, թե՛ բժիշկներուն և թե՛, վերջապես, հնարքը կգտնեն Ապոստոլը փրկելու։
Վիկտորյային այդ անվերապահ հավատքը վարակեց Միհրանը. անիկա հանգիստ սրտով բարձրացավ սենյակը՝ ֆրանսերենի վարժություններ ընելու Ռոբինզոնի արկածները գրքին վրա, որ Դասկալոսը այդ նպատակով տվեր էր Բարպային։
Երբեմն ալ հույն վարժապետը կուգար և պատանիին կսորվեցներ հին հունարեն, բայց ան երբեք Բարպային բացակայության չէր բարձրանար վերի սենյակը։ Անոնք երկուքով կնստեին բակի բազմոցին վրա և աթոռ մը քաշելով իրենց առաջ, որ սեղանի տեղ կծառայեր, կաշխատեին։
Այդտեղ, այդ բակի բաղմոցին վրա էր, որ Դասկալոսը բացատրեց Միհրանին, թե այն բոլորը, որ Բարպան և ընկերները կցանկանային, որուն կձգտեին իրենց բոլոր հոգվով, դեմոկրատիան էր, հին հունական բառ, որուն բովանդակությունը և ստուգաբանությունը լուսաբանեց։
Դեմոկրատիան Միհրանին ներկայացավ որպես աստվածուհի։ Դասկալոսը հաճախ ցույց կուտար հին հունական արձաններու պատկերներ և անգամ մը, որ պատանին տեսավ Սամոթրակեի թևավոր հաղթանակի արձանի պատկերը, մտածեց, որ դեմոկրատիան այդ կերպարանքն ունի, և որուն