Էջ:Բոլշևիզմը և Հայաստանը.pdf/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նոր կառավարությունը հույս ուներ իրագործելու տաճկական վաղեմի ծրագիրը հայ ժողովրդի գոյության դեմ: Այդ միջոցներն էին նախ՝ այն ռազմական ուժերը, որոնք պիտի գային բոլշևիկյան Ռուսաստանից, համաձայն ռուս-տաճկական գաղտնի դաշնագրի, և երկրորդ՝ այն ներքին հեղաշրջումը, որ նրանք հույս ունեին առաջ բերելու Հայաստանում իրենց կաշառած մարդկանց միջոցով:

Ռուս բոլշևիկյան ուժերը չեկան Ադրբեջան ծառայելու տաճկական շահերին: Նրանք եկան այն չափով, որ չափով որ այդ պետք էր Բաքվից նավթի արտահանությունը դեպի Ռուսաստան ապահովելու համար: Ավելին թերևս նրանք երբեք էլ լուրջ մտադրություն չեն ունեցել անելու: Խլրտումներ, անկարգություններ, բարդություններ առաջ բերել անդրկովկասյան պետության մեջ՝ ի՞նչու չէ: Բայց ռազմական ուժերը բերել՝ ոչ: Իսկ խոստումներ անշուշտ ռուս բոլշևիկները տված էին տաճիկներին՝ վերջիններիս իրենց կողշը գրավելու և իրենց նպատակների համար օգտագործելու դիտավորությամբ: Սակայն լեհական ճակատն ու բոլշևիկյան Ռուսաստանի ներքին խախուտ վիճակը թույլ չտվեցին, որ ռուսները լայնորեն կատարեին իրենց խոստումները, եթե երբեք նրանք լրջորեն տրամադիր եղել են այդ անել: Եվ այդպիսով կամա թե ակամա խաբեցին տաճիկ-թուրքերին:

Հեղաշրջումը Հայաստանում պիտի կատարեին հայ բոլշևիկները՝ համաձայն Ադրբեջանից եկած հրահանգներին:

Ի՞նչ տարրերի վրա կարող էին հետևել և պիտ հետևեին այդ դավաճանները:

Առաջին՝ այս մոլորված ու այլասերված երիտասարդների վրա, որոնք թեև զուրկ են գաղափարականությունից, բայց հիվանդ են ռուսական ինտելիգենցիայի հիվանդությամբ, հոգու հիվանդությամբ:

Երկրորդ՝ ծագումով հայ, բայց ոգով ռուս տարրերի վրա, որոնց համար Հայաստանը և հայ ժողովուրդը խորթ են, որոնք Հայաստանի վրա նայում են որպես մի ժամանակավոր, հաճախ ակամա կայանի վրա, կամ որպես մի կթան կռվի վրա, և որոնք, երբ կյանքը Ռուսաստանում խաղաղվի, առանց անգամ նայելու պիտի փախչեն Ռուսաստան: Դրանք կամ անկախ Հայաստանի դեմ են, կամ լավագույն դեպքում, անտարբեր են:

Երրորդ՝ այն ոչ հայ տարրերի վրա, որոնք չեն կարող