Jump to content

Էջ:Գրական քննադատական երկեր, Նիկոլ Աղբալյան.djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վանահայրն ու Աբեղան իրենց ներքին մաքառումները, իրենց «ղրամա»ներն ապրում են առանձին, բայց մի քանի անգամ հանդիպում են իրար․ այդ հանդիպումները մի—մի աստիճան են ներքին «դրամայի» զարգացման մէջ։ Առաջին անգամ Վանահայրն ու Աբեղան պատահում են իրար այն ժամանակ, երբ Իշխանը գալիս է կղզին այցի։ Վարդապետը չգիտէ, թէ ինչ աշխարհիկ զգացում է ապրել Աբեղան. Իշխանին ազդարարում է, որ փորձիչ առաջարկներ չանի Աբեղային, թէեւ համոզուած է, անշուշտ, որ «իր» Աբեղան, իբրեւ աշխարհին անտեղեակ մի մաքուր հոգի՝ չի կարող գնահատել Իշխանի առաջարկը՝ նրանից փորձուելու աստիճան։ Վանահայրը բնաւ կասկած չունի, որ աշխարհը մուտք է գործել իր կղզին եւ յուզել է Աբեղայի անփորձ հոգին։

Երկրորդ անգամ վարդապետն ու աշակերտը պատահում են իրար, երբ Վանահայրը իր միաբաններին սրտապնդում է չարի դէմ եւ քաջալերում բնազդին յաղթելով՝ դառնալ «աւելի քան մարդը»։ Այդ իդէալի դիմաց, որի մարմնացումն է թւում Վանահայրը, Աբեղան զգում է իր անկումը․ նա ունեցել է Սեդայի մտապատրանքն իր խցում։ Վանահօր ձայնը Աբեղային թւում է երկնքից եկող։ Վանահայրը դեռ հաստատուն է աշխարհի դիմաց, մինչդեռ Աբեղան արդէն անկարող է նրա հմայքների դէմը մաքառել: Նա զղջումով դիմում է Վանահօրը եւ մենք տեսնում ենք, որ նրանք մտել են տարբեր ուղիներ․ Վանահայրը երկինք է թեւում, Աբեղային քաշում է ծովը։ Այստեղ Վանահայրն ապրում է իր առաջին հիասթափութիւնը․ այն աշխարհը, որին վանելու համար այնքան ճիգ է գործ դրել՝ հիմա խուժել է կղզին եւ իր փորձիչ դերն է կատարում անապատի ամենամաքուր հոգու մէջ. նա սպառնում է խլել այն Աբեղային, որ պէտք է Վանահօր գործի շարունակողը լինի: Եւ նեցուկը կորցնողի շփոթութեամբ՝ Վանահայրը հազիւ թէ հասկանում է իր ասածը, երբ առաջարկում է Աբեղային դառնալ «այնպէս, ինչպէս որ էր»: Այն հոգին, որ կարծում էր գրանիտի պէս ամուր, առաջին իսկ փորձութեան առաջ անզօր է հանդիսացել. ի՜նչ աւելի մեծ հիասթափութիւն մի մարդու համար, որ այդ հոգին կերտելու վրայ այնքան ջանք ու ճիգ է թափել։ Սա յուզիչ տեսարաններից մէկն է դրամայի մէջ: Այստեղ երերում է Վանահօր կառուցած շէնքի գլխավոր սիւներից մէկը: