…Ե՜ւ խաղա՜ղ, անդո՜րր,
Լուռ անապատը փռուե՜ց, ծաւալուե՜ց…
Աստղերը երկնի անհուն խորքերից
Թրթռուն հայեացքով զարթնեցին նորից.
Լո՜ւռ է, խորին լո՜ւռ եւ հանդիսաւո՜ր,
Եւ խորհրդաւո՜ր…
Եւ հոգիս հալուեց վե՜հ լռութեան մէջ…
|
|
Ահա մի կատարեալ անէացում, կենդանի մահացութիւն:Այսպիսի մի ինքնամոռացութիւն մարդ կարող է գտնել մէկ էլ սիրու մէջ: Զուր չէ որ մարդկային բնազդը եւ բանաստեղծները սէրն են հռչակել ամէնաբարձր ու տենչալի ձեւը անհունի մէջ կորչելու… Եւ այդպէս է ամէնքի համար մինչեւ այսօր էլ, որոնք ծանօթ չեն այն վեհ ու սուրբ միացման, որ քարոզեցին մեզ Բաբելոնի Եգիպտոսի եւ Հրէաստանի անապատներում սնուած մարգարէները:
Հոգու այս տրամադրութիւնը անհունապէս լայնացնում ու զօրացնում է մարդու:Զգալ, որ տիեզերական ուժերի մի հանգրուան ես, որ Եսդ այսօր ինքնիշխան՝ վաղը դատապարտուած ոչնչութեան, տիեզերական զօրութեանց կեդրոն է որ անզրաւ ժամանակը, անեզր տարածութիւնը չափ ու սահման են ստացել քեզնում, որ դո՛ւ ծնունդ ես այս Յաւերժականի եւ Անմահի, եւ զաւա՛կ այս մեծ Հօր — ի՜նչ աւելի վսեմ զգացում եւ վեհացնող տրամադրութիւն:Ոչ մի հոգեկան վիճակ այնպէս չի ուժովցնում ու առոյգացնում մարդու, որքան այդ նոյնութեան զգացումը. ամէնազօր ուժերի խաղն ես զգում յանկարծ հոգուդ մէջ եւ քեզ թւում ես նոյնքան հզօր, որքան Տիեզերքը, քո Ծնողն ու Ստեղծողը:
Այսպիսի հոգեկան վիճակում են ծնունդ առել տաս տարի առաջ գրած այս տողերը.
Տիեզերքի պերճ հիւսուածքն եմ,
Իմ մէջ երկինքն է երգում,
Բռնկւում է սիրոյ հրդեհն,
Վշտի հեղեղն աղմկւում:
|
|
Եւ այս ոզով արած միւս յայտնութիւնը թէ՝ «Ես երգիչ եմ, երկնի որդի», ինչպէս նաեւ դիմումն աստղերին—
Դուք իմ սէրն էք, իմ ընկերը,
Ես ձեր երգող շողիկն եմ:
|
|