Էջ:Դոն Կիխոտ.djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուստի պատասխանեց դոն Կիխոտին, թե նրա ցանկությունն ու խնդիրքը միանգամայն բանական են, թե նման մտադրությունը միանգամայն բնական ու արժանի է այնպիսի մի ազնիվ ասպետի համար, ինչպիսին դոն Կիխոտն է, դատելով նրա արի արտաքինից և շարժուձևերից։ Թե ինքն էլ երբ երիտասարդ հասակում անձնատուր է եղել այդ պատվաբեր գործին և թափառել է աշխարհիս զանազան կողմերում՝ արկածներ որոնելով, վարժվել է ոտքերի արագաշարժության և ձեռքերի հմտության մեջ, ի վերջո ծանոթացել է Իսպանիայի բոլոր դատական հիմնարկություններին։ Իսկ իր օրերի մայրամուտին բնակվել է այս դղյակում և ապրում է այստեղ, հյուրընկալելով բոլոր թափառական ասպետներին, ինչ կոչման ու կարողության տեր էլ լինեն նրանք, միմիայն հանդեպ նրանց տածած մեծ սիրուց դրդված, իհարկե պայմանով, որ ի տրիտուր իր լավ վերաբերմունքի, նրանք իրենց ունեցածից իրեն էլ բաժին հանեն։

Իջևանատերը ասաց նաև, որ դոն Կիխոտը գիշերը կարող է դղյակի բակում անցկացնել, իսկ վաղը կկատարվեն կարգման համար բոլոր պարտադիր արարողությունները, և նա այնպիսի ասպետ կկարգվի, որից լավը չի գտնվի արար աշխարհում։

Վերջապես նա հարցրեց՝ փող ունի՞ արդյոք դոն Կիխոտը։ Դոն Կիխոտը պատասխանեց, թե գրոշ չունի, որովհետև ոչ մի վեպում չի կարդացել, որ թափառական ասպետները հետները փող ունենան։

Պետք էր հսկում կատարել զենքի առջև՝ իջևանատան մեծ բակում։ Դոն Կիխոտը հավաքեց իր զենքուզրահը, դրեց ջրհորի բերնին և, բռնելով նիզակն ու վահանը, մեծ արժանապատվությամբ սկսեց ետ ու առաջ քայլել։ Իջևանատերը պատմեց ամենքին, ովքեր իջևանել էին իր մոտ, հյուրի խելագարության մասին, զենքի առջև հսկում կատարելու մասին և ասպետ կարգվելու մասին։

Խելագարության այդ տարօրինակ տեսակից զարմացած՝ բոլորն էլ գնացին և հեռվից տեսան, որ մեր ասպետը մերթ ծանր ու հավասար ետ ու առաջ էր գնում, մերթ՝ հենված նիզակին, հառում էր աչքերը իր զենքուզրահին և երկա՜ր-երկա՜ր նայում։

Այնինչ գիշերը վրա էր հասել, և լուսինն այնպես պայծառ էր փայլում, որ շուրջը ցերեկվա պես լուսավոր էր, և հանդիսականներին երևում էր այն ամենը, ինչ որ անում էր ուխտի մեջ մտնել պատրաստվող մեր ասպետը։

Այդ միջոցին իջևանատանը գիշերող ջորեպաններից մեկի խելքին փչեց իր ջորիներին ջրել, իսկ ջրհորից ջուր հանելու համար պետք էր պռունկից դեն քաշել զենքուզրահը։

Դոն Կիխոտը, լսելով ջորեպանի ոտնաձայնը, բացականչեց.

— Ով էլ որ լինես դու, հանդուգն ասպե՛տ, որ մեկնում ես ձեռքդ երբևէ սրով գոտեպնդված թափառական ասպետներից ամենաարիի զենքուզրահին, խորհիր նախապես, թե ինչ ես անում և չհամարձակվես ձեռք տալ, թե չէ հանդգնությանդ համար կվճարես քո կյանքը։

Ջորեպանը գլուխն էլ շուռ չտվեց և՝ զենքուզրահի փոկերից վերցնելով, մի կողմ շպրտեց։