Էջ:Դոն Կիխոտ.djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ դա զուտ ճշմարտություն էր, որովհետև այդ միջոցին երկու հոտը բոլորովին մոտեցել էին իրար։

— Ահը, որ քեզ պատել է,— ասաց դոն Կիխոտը,— խանգարում է, Սանչո, ճիշտ տեսնել ու լսել։ Երկյուղի արտահայտություններից մեկն էլ այն է, որ մեր զգացմունքները կորցնում են պայծառությունը և ամեն ինչ մեզ աղճատված է ներկայանում։ Թե որ դու այդքան վախեցել ես, ապա մի կողմ քաշվիր և թող որ ես մենակ գործեմ, որովհետև ես մենակ էլ հերիք եմ, որպեսզի ապահովեմ հաղթանակը նրանց, որոնց օգնելու լինեմ։

Այս խոսքերով նա խթանները խրեց Ռոսինանտի կողերը և, նիզակը ճոճելով, կայծակի արագությամբ սլացավ բլուրն ի վար։

— Տե՜ր իմ, պարո՜ն դոն Կիխոտ,— սկսեց բղավել Սանչոն,— վերադարձե՜ք, ես իմ հոգին, դուք գառների ու ոչխարների վրա եք հարձակվում։ Վերադարձե՜ք, աղաչում եմ հանուն իմ հոր։ Այդ ի՜նչ խելագարություն է։ Հավատացեք ինձ, այստեղ ո՛չ հսկա կա, ո՛չ ասպետ, ո՛չ կատու, ո՛չ զրահ, ո՛չ ամբողջ, ո՛չ էլ քառափեշ վահաններ, ո՛չ կապույտ երկինք, ո՛չ էլ ձեր բոլոր սատանայական բաները։ Այդ ի՜նչ է անում նա։

Բայց ոչինչ չէր կարող կանգնեցնել դոն Կիխոտին, որ բարձրաձայն բացականչում էր.

— Համարձակ, «թևը վեր քաշած» Պենտապոլին, ազնիվ կայսեր դրոշակներին հավատարիմ ասպետներ։ Հառաջ, ինձ հետ։ Դուք կտեսնեք, թե ինչ արագ ես վրիժառու կլինեմ նրա թշնամի Ալիֆանֆարոն Տրապորանացուց։

Այս կոչերով նա ներխուժեց ոչխարի հոտի խորքն ու սկսեց նրանց ծակծկել իր նիզակով այնպիսի կատաղի խիզախությամբ, ասես իր մահացու թշնամիները լինեին։

Հովիվները փորձեցին աղաղակներով նրան կանգնեցնել, սակայն տեսնելով, որ խոսքերը չեն օգնում, նրանք դիմեցին իրենց պարսատիկներին, և դոն Կիխոտի ականջներն սկսեցին ողջունել բռունցքի մեծության քարեր։

Սակայն դոն Կիխոտը քարերին էլ ուշ չդարձրեց։

Մի բավական մեծ քար դիպավ նրան և ջարդեց նրա երկու կողը։ Զգալով հարվածը, դոն Կիխոտը վճռեց, որ մեռնում է կամ մահացու վերք է ստացել։ Սակայն մտաբերելով, որ բալասան ունի, նա ամանը բռնեց, տարավ բերանն ու սկսեց հեղուկը փորն ածել։ Սակայն նա, իր կարծիքով, դեռ բավականաչափ կուլ չէր տվել, որ վրա հասավ երկրորդ քարը, որ ճարպկորեն նետված լինելով, դիպավ նրա ձեռքին և ոչ միայն ջարդեց ամանը, այլև փշրեց նրա երեք-չորս ատամը, ու ճզմեց երկու մատը։ Եթե առաջին հարվածը վատ չէր, ապա երկրորդը գետին գլորեց խեղճ ասպետին։

Հովիվները մոտ վազեցին, կարծելով, որ նա վախճանվեց։ Հավաքելով իրենց հոտը, նրանք գցեցին ուսերին սպանված յոթ ոչխարները և, առանց երկար ու բարակ խորհելու, արագ-արագ հեռացան։

Սանչոն, որ մնացել էր բլուրի վրա և դիտում էր իր տիրոջ խելագարությունը, փետտում էր մազերը և անիծում այն օրն ու ժամը, երր բախտը միացրեց իրենց։ Տեսնելով, որ դոն Կիխոտը պառկած է գետնին և որ հովիվներն արդեն հեռացել են, նա իջավ բլուրից և մոտեցավ դոն Կիխոտին, որ սաստիկ ողբալի վիճակի մեջ էր, թեև ուշագնաց չէր եղել։