Jump to content

Էջ:Դոն Կիխոտ.djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէի՞ աշխատում ես, պարոն դոն Կիխոտ,— ասաց Սանչոն,— ձեզ ետ կասեցնել։ Չէի՞ ասում, թե դա բանակ չէ, այլ ոչխարի հոտ։

— Ահա թե իմ ստոր թշնամին, կախարդը, ինչ փոփոխում և կերպարանափոխություն է սարքում։ Իմացած եղիր, Սանչո, որ կախարդների համար ավելի հեշտ բան չկա, քան մեզ ստիպել տեսնելու այն ամենը, ինչ նրանք կամենան։ Այսպես էլ այս անպիտանը, որ հալածում է ինձ, խանդելով իմ փառքին, որ պիտի վայելեի այս ճակատամարտից հետո, թշնամի բանակը ոչխարի հոտ դարձրեց։ Եթե չես հավատում, խնդրեմ, մի բան արա, որ ցրես քո տարակուսանքն ու համոզվես, որ ես ճիշտ եմ ասում։ Նստիր քո էշը և կամաց-կամաց գնա նրանց հետևից, և դու կտեսնես, որ մի քիչ հեռանալով, նրանք իրենց նախկին կերպարանքը կընդունեն և ոչխարից կրկին ամենաիսկական մարդիկ կդառնան, այնպես, ինչպես ես նկարագրել եմ նրանց։ Միայն թե իսկույն մի՛ գնա, որովհետև հիմա ես կարոտ եմ քո խնամքին և օգնությանը։ Մոտ եկ և տես՝ քանի՞ ատամ եմ կորցրել։ Ինձ թվում է, թե այլևս ոչ մեկը չի մնացել։

Դոն Կիխոտը բարձրացավ և, ձախ ձեռքը դնելով բերնին, որ ատամները չթափվեն գետին, աջ ձեռքով բռնեց Ռոսինանտի սանձը, որ ամբողջ այդ ժամանակ ոչ մի քայլ չէր հեռացել իր տիրոջից (այդքա՜ն հանգիստ ու հավատարիմ անասուն էր) և մի կերպ հասավ այնտեղ, որտեղ կանգնած էր Սանչոն, կուրծքը հենած իր էշին և ձեռքով բռնած թուշը, դառը մտածմունքի մեջ։ Տեսնելով նրան այդ դիրքում, որ խորունկ վիշտ էր արտահայտում, դոն Կիխոտն ասաց.

— Իմացած եղիր, Սանչո, ով որ ուզում է ուրիշներից բարձր լինել, նա ուրիշներից շատ էլ պիտի անի։ Մեր գլխին ճայթած բոլոր այս փոթորիկները վկայում են, որ շուտով երկինքը կբացվի, և մեր գործերը լավ կընթանան։ Որովհետև ո՛չ վիշտը, ո՛չ խինդը չափազանց տևական չեն լինում, իսկ դրանից բխում է, որ եթե վիշտը շատ երկար է տևել, ապա ուրեմն մոտ է խինդը։ Ուստի ինձ հասած և քեզ բնավ չդիպած տառապանքների համար այլևս մի վշտանար։

— Ո՜նց թե չդիպած,— գոռաց Սանչոն։— Իսկ նրան, որին վերմակի վրա վեր-վեր թռցրին, մայր չի՞ բերել։ Իսկ պայուսա՞կը, որ կորել է բոլոր իմ ունեցած-չունեցածով, ուրիշի՞նն է, իմը չէ՞։

— Պայուսակը կորե՞լ է,— հարցրեց դոն Կիխոտը։

— Ցավն էլ այն է, որ կորել է,— պատասխանեց Սանչոն։

— Ասել է թե մենք այսօր ճաշելու հնարավորություն չենք ունենալու,— ասաց դոն Կիխոտը։

— Դե իհարկե չէինք ունենա,— պատասխանեց Սանչոն,— եթե այս արոտներում չլինեին, ձերդ ողորմածության ասելով, ձեզ լավ ծանոթ խոտերը, որոնք հաջողությամբ կարող են փոխարինել սովորական սննդին՝ ձերդ ողորմածության պես ձախորդ թափառական ասպետի համար։

— Այնուամենայնիվ,— նկատեց դոն Կիխոտը,— ես կնախընտրեի լավ հացը կամ նույնիսկ հացի կտոր, հետն էլ մի երկու ապխտած սարդին։

Նրանք առաջ ընթացան, բայց շատ դանդաղ, որովհետև դոն Կիխոտի ծնոտների անդադրում ցավը թույլ չէր տալիս արագացնելու ընթացքը։