Էջ:Դոն Կիխոտ.djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ XV
ՍԱՆՉՈ ՊԱՆՍԱՅԻ
ԵՎ ՆՐԱ ՏԻՐՈՋ ԽԵԼԱՑԻ ԶՐՈՒՅՑԻ, ՆՆՋԵՑՅԱԼԻ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՅԼ
ԱՐՏԱՍՈՎՈՐ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ

Վրա հասավ գիշերը, իսկ դոն Կիխոտն ու Սանչո Պանսան մնացել էին ճամփին, առանց օթևանի։ Բացի այդ, նրանց սկսել էր կեղեքել քաղցը, որովհետև պայուսակի հետ կորցրել էին իրենց պաշարը։ Եվ այստեղ, ի լրումն ամենի, նրանց պատահեց ամենաիսկական, բնավ ոչ մտացածին արկած։ Թեև գիշերը մութն էր, նրանք առաջ էին շարժվում, որովհետև, Սանչոյի կարծիքով, քանի որ սա բանուկ ճանապարհ է, ապա մի երկու մղոնից հետո պետք է որ իջևանատուն լիներ։

Եվ ահա երբ նրանք, երկուսով՝ սոված զինակիրն ու իր տերը, որ նույնպես դեմ չէր մի բան ուտելու, այսպես թափառում էին մթության մեջ, հանկարծ ճամփին բազմաթիվ կրակներ տեսան, որ ընդառաջ էին շարժվում և նման էին մոլորված աստղերի։ Նրանց տեսքից Սանչոն սարսափահար բռնեց ձիու սանձը, և երկուսն էլ կանգ առան, ուշի-ուշով մտիկ տալով, թե դա ինչ կարող է լինել։

Նրանք նկատեցին, որ կրակները իրենց կողմն են շարժվում և քանի մոտենում, այնքան մեծանում են։ Այդ տեսնելով, Սանչոն սկսեց դողդողալ, ինչպես սնդիկից թունավորված մարդ, ասենք, դոն Կիխոտի մազերն էլ բիզ-բիզ կանգնեցին։

— Անտարակույս, Սանչո, սա ամենամեծ և վտանգավոր արկածներից մեկն է, երբ ես պետք է ի հայտ բերեմ իմ ողջ ուժն ու արիությունը։

— Կորա՜,— բացականչեց Սանչոն։— Եթե սրանք էլ են տեսիլներ, ապա որտեղից կողեր գտնեմ, որ դիմանամ նոր քոթակին։

— Եթե նույնիսկ ամենաիսկական տեսիլներ էլ լինեն,— հայտարարեց դոն Կիխոտը,— դարձյալ ես թույլ չեմ տա, որ քո շորի մեկ թելին անգամ դիպչեն։ Եթե անցյալ անգամ նրանք քեզ փորձանքի մեջ գցեցին, ապա միմիայն այն պատճառով, որ ես չկարողացա ցանկապատից բակն անցնել։ Բայց հիմա մենք բաց դաշտում ենք, այստեղ թուր քաշելու տեղ կա։ Համենայն դեպս, Սանչո, մի վհատիր։ Դու հիմա գործով կտեսնես, թե ես ինչ արիության տեր եմ։

Ճանապարհից մի քիչ ծռվելով, նրանք նորից սկսեցին պրպտող հայացքով զննել, ճգնելով հասկանալ, թե ինչ կրակներ են շարժվում իրենց կողմը։

Շուտով նրանք նշմարեցին լայն վերարկուներ հագած բազմաթիվ կերպարանքներ։ Այս ահավոր տեսարանից Սանչոն սարսափեց։ Նրա ատամները զարկվում էին իրար, երբ նրանք ամեն ինչ տեսան։ Նրանց հայացքի առջև ներկայացան մոտ քսան հեծյալ ճերմակ, լայն վերարկուներով, որ գալիս էին ջահերը ձեռքներին, հուղարկավոր սայլի առջևից, որին հետևում էին ևս վեց նման հեծյալ, որոնց սգո հագուստները հասնում էին մինչև իրենց ջորիների սմբակները։ Որ դրանք ջորիներ էին և ոչ թե ձիեր, իսկույն երևում էր նրանց դանդաղ քայլքից։