Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Լռեցին նվագարանները, պարողները խումբ խումբ պարտեզ խռնեցան։ Երկու սիրահարներն իրարմե արտորնոք բաժնվեցան առանց և ոչ մեկու ուշադրությունը գրավելու։

Այգուն առաջին դողդոջուն շողերը խավարը հալածելու սկսած էին երբ Պ. Հայնուռի տանը վերջին լույսերը շիջան։ Հայնժամ Սիրանույշ կարողացավ յուր հոգվույն վրա դիզված արտասվաց ազատ ուղի մի բանալ: Արեգակն արշավասույր կընթանար յուր ընդարձակ սահմանին մեջ, ու քունը Սիրանուշին աչերը չէր գրաված տակավին։ Երվանդեն բաժնվելու վիշտը կարծես թե տքնության արձանի փոխած էր զինքը։ Ցորչափ յուր սիրելվույն վհատած հոգվույն զորություն տալու հարկը կզգար՝ ինքը կարողացած էր իշխել յուր խոր վշտին, բայց երբ առանձին մնաց, հաղթվեցավ յուր տկարութենեն, կարծես թե առանց հոգվո մարմին մ՚ էր. այնչափ հուսաբեկ էր գեղանին։

ԳԼՈԻԽ Գ.

Տգիտության խավարը դարերե ի վեր տարածված էր թրքահայոց վրա։ Այս մթին կացության մեջ ժողովուրդք մտավոր աշխարհի հրաժեշտ տալով նյութական կյանքով կը սնանին, ու իրենց բոլոր ճիգը կը թափեն հարստություն համբարելու համար, և հոն կը գտնան իրենց փառքը, քանի որ փառաց զաղափարն կազնվանա առավել կամ նվազ՝ մարդկային մտաց կամ զգացման հառաջադիմության համեմատ։

Հայերը ազնվաբարո, լուրջ և գործունյա ժողովուրդ մի, նաև ամեն ժամանակ իրենց արքունական տիրոջ հավատարիմ հպատակ ըլլալով, նյութական շքեղ ապագա մի դյուրավ հաստատեցին, և ոսկվո անդիմադրելի ուժով բավական բարձր դիրք մ՚ ստացան Պոլսո մեջ։ Գրեթե հազիվ կես դար հառաջ հայերը թեև քաղաքական պաշտոններե զրկված՝ սակայն տաճիկ գլխավոր պաշտոնակալներուն սեղանավորներն ըլլալով, բախտակից կլլային սույն բարձրաստիճան անձանց հաջողության կամ անկման, որով անուղղակի կերպիվ քաղաքականության աշխարհին մեջ մուտք մ՚ ունեցած կըլլային, ու