Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտնելով ողջունեց զայն համակիր ձևով։ Նույն կերպով պատասխանեց երիտասարդը ու անմիջապես հանձնարարական նամակը ներկայեց անոր։ Առավ կարդաց զայն Պ. Լեոնարտոն, ու ձեռքն երկնցնելով Երվանդին ըսավ.

«Պարոն, այժմեն հիս ունիք բարեկամ մի. հանձնարարված եք անձե մի զոր թե շատ կը սիրեմ և թե շատ կը հարգեմ: Բավական տարիներ ապրեցանք իբր եղբայր իրեն հետ Հռովմա մեջ, ու յուր մեկնելեն վերջը հոսկե Պոլիս վերադառնալու համար՝ միշտ մեր բարեկամությունն անայլայլելի մնաց»։ Երվանդ ջերմ կերպիվ յուր շնորհակալիքը հայտնեց ծերունվույն և անձը երջանիկ դավանեց իրեն հայտնված համակիր զզացմանց համար:

Պ. Լեոնարտո աշխույժ և ազնվասիրտ մարդ մ՚էր որուն դեմքը բարության դրոշմ կը կրեր։ Այնպիսի անձինք կան որոնց հետ մեկ ժամվան մեջ ավելի դյուրին է ընտելանալ քան թե այլոց հետ բազմաթիվ տարվան միջոցին, այնչափ ամեն ինչ ինքնաբուխ, պարզ և անկեղծ է իրենց շարժմանց ու խոսքերուն մեջ։ Այս կարգի անձանց կը վերաբերեր և Իտալացի երգեցողը։ Անմիջապես յուր դուստրը կոչելով ներկայեց զայն մեր հայ երիտասարդին։ Դժվարություն չունեցավ Երվանդ ճանչելու թե այդ օրիորդը քիչ մի հառաջ դուռը բացած էր ու զինքը սենյակը առաջնորդած։ Գեղեցիկ և թարմ գույներով էր երիտասարդուհին, ու դիմացը վրա կը նշմարվեին անկեղծությունն և զգայնությունը, ու ձևերուն մեջ անարատ պարկեշտություն մի։ Հազիվ թե ժամ մի կար որ երկու ազնիվ Իտալցվոց ընկերությունը կը վայելեր Երվանդ, և այնպես ընտանեցած էր արդեն անոնց հետ, որ կարծես թե հին բարեկամաց այցելության եկած էր։

Դուռը զարնվելով օրիորդը գնաց բանալու, և վերադարձավ հետը բերելով ազնվադեմ երիտասարդ մի. «Ահա որդիս Վիրճինիոն ըսավ ծերունին Երվանդին դառնալով, որուն վրա խոսեցա քեզ քիչ հառաջ»։ Եվ յուր որդվույն ուղղելով խոսքն հարեց. «Ահա քեզ նոր բարեկամ մի»։ Երկու երիտասարդներն իրարու ձեռք թոթվեցին ուժգին, հետո սկսան խոսակցիլ:

Վիրճինիո աշխույժ, ազնվասիրտ ու տաղանդալից երիտասարդ