Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շոգենավը ծովուն վրայեն կը սուրար. ոչ փոթորկաց սաստկութենեն կը քստմնեի, և ոչ ալ կոհակաց խաղալիքն եղած ըլլալս կզգայի. միակ անշարժ գաղափար մի գրաված էր զիս, անով միայն զբաղյալ էր: Անցան օրերը սողալով. ինչպես անվերջանալի էին, ավա՜ղ. խաղաղեցավ փոթորկաց սրտմտությունը, հասա վերջապես ի Հռովմ։ Այդ մեծ քաղքին շարժումը, մարդկանց անընդհատ երթևեկությունը, իմ առանձնությունս, օթևանելու հարկը, անտարբերութենես դուրս հանեցին զիս. հիշեցի հանձնարարական նամակ մ՚ունենալս առ Պ. Լեոնարտո, և ուղղակի իրեն գնացի։ Անոր սիրալիր ընդունելությունը, դստերը քաղաքավարի ձևերը, և մանավանդ Վիրճինիո որդվույն ինձ հայտնած համակրությունը մասամբ վիճակիս դառնությունր սփոփեցին, եթե այդ դառնությունը կրնա սփոփիլ երբեք։ Նոր բարեկամիս հետ գրեթե ամբողջ շաբաթն Հռովմա գլխավոր շենքերու ու նկարչական հրաշալյաց հայցելություն գնացինք, և զմայլմամբ հաստատեցի թե հանճարն ամեն հրաշք գործելու կարող է։

Դու, Սիրանո՛ւյշդ իմ, խնդրած էիր ինձմե հաղորդել քեզ կրելիք տպավորություններս ի տես երկրին հին Հռովմայեցվոց՝ որոնց առաքինի կիներն ինչպես և դյուցազներն սովոր էին հարգել և պաշտել։ Մեն մի խնդիրդ նվիրական է իձ համար, և հնազանդիլ քեզ իմ երջանկությունս է։ Ահա՛ նկարարեմ քեզ ուրեմն բոլոր տպավորություններս ու զգացումներս Հռովմա մասին։

Օր մի բարեկամս զբաղյալ ըլլալով՝ ես առանձին կը քայլեի Հռովմա փողոցաց մեջ, մեծ շենքերուն առջև զմայլմամբ կանգ առնելով. կը մտախոհեի Իտալիո անմահ հանճարներու վրա, կզմայլեի և կը փափագեի… երա՜զ… որ մենք ևս այդպիսի հայ հանճարներ ունենայինք փառավորվելու համար։ Ստույգ է որ հանճարները բոլոր մարդկության անխտիր զարդերն ու գանձերն են. սակայն ցորչափ եսության զգացումն կա ի մեզ, բնական փափագ մ՚է մեր արյան, մեր ցեղին վերագրել վսեմին և գեղեցկին հեղինակը։

Բայց ինչ որ մասնավոր տպավորություն մ՚ըրավ վրաս՝ հին Հռովմա դյուցազանց հողին վրա կոխելու գիտակցությամբս էր, հող որ անոնց աճյուններով խաոնված էր։ Իտալիո