Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ավա՛ղ, կյանքս խույս կուտա ինձմե, կարողություն չունիմ զայն ետ բերելու։ Լո՛ւր ինձ, հա՛յր իմ, քանի որ տակավին կարող եմ խոսելու։ Ես կուզեի ծածկել քեզմե սիրած անձիս անունը որպեսզի այն տարաբախտ երիտասարդին դեմ ատելություն չունենաս, ու զինքն իբր որդի ընդունիս միշտ և սիրես զինքը՝ զի արժանի է գթույդ յուր դժբախտությամբը։ Եթե ինքն իմ թշվառությանս պատճառն եղավ, ուրիշ մ՚ալ նույնն ըրավ անոր նկատմամբ։ Առանձին է նա, հա՛յր, պանդուխտ է, որբ է։ Հիս որդի մի կը կորսնցնես, թող նա ըլլա քեզ որդի:Սիրե զինքը զի ես սիրեցի զայն, ու անոր հայր ըլլալովդ թվի ինձ թե հոգիս անոր պիտի ավանդեմ»։

Հառաչելով կարտասվեր տարաբախտ ծերունին մինչ աղջկանը վտիտ ձեռքերը կը համբուրեր եռանդագին։ Եվ հանկարծ արտասվացը վերջ տալով գոչեց խոր հուսահատությամբ. «Ճուլիա՛, դո՛ւստր իմ, ինչպե՜ս հանձն կառնուս զիս աոանձին թողլու երկրիս վրա։ Ո՞վ պիտի սիրե զիս այսուհետև»։

- Վիրճինիոն ու Երվանդը, հա՛յր իմ։

- Երվա՜նդը, ա՞յն որ Ճուլիաս կը հափշտակե ինձմե։

- Հա՛յր, իբրև վերջին շնորհք կը հայցեմ քեզմե որ բնավ ոխ չունենաս Երվանդին դեմ, զի անպարտ է նա. խոստացիր զայդ եթե կուզես որ հանգիստ մեռնիմ։

— Կարողութենես վեր է այդպիսի խոստում մի, զավկիս դահիճը սիրել․ ո՛չ, ո՛չ,— ըսավ ծերունին բորբոքելով։

- Սակայն հա՛յր, ի՜նչ կրնար ընել Երվանդ եթե ինքն անդիմադրելի էր։

- Քեզմե սիրված ըլլալը չէ՞ր գիտեր նա արդյոք։ - Հա՛յր, զայդ կատարելապես կանգիտանար մինչև օրն այն հորում վերջապես անզուսպ բերանս սրտիս գաղտնիքը մատնեց իրեն։ Նա բնավ չխոստացավ զիս սիրել, ընդհակառակն հույսերս փշրեց իմացնելով ինձ թե յուր սիրտը նվիրած էր արդեն. հանդերձ այսու ես հուսացի ու շարունակեցի զինքը պաշտելու։

— Բայց եթե անկարող էր նա քու սերդ յուր սիրովը փոխարինելու ինչու՞ տունս հաճախեց։

— Վասնզի ես զայդ կը խնդրեի իրմե։ Ամեն անգամ որ