Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/303

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ըստ ինքյան զորություն մ՚՛է՝ որուն մեն մի ճիչը, ժպիտը, արտասուքն օրենք մ՚է մորն համար։

Ստնտու մայր մ՚որ իբր սնունդ յուր արյունը կը մատուցանե որդվույն՝ անբացատրելի հեշտություն կիմանա, անոր հաղորդելով յուր լավագույն մասն՝ այսինքն կենաց մասունքը։ Մայրն զմանկիկ սրտին վրա սեղմելով անհուն հաճություն կզգա․ և մանկիկը զայդ գորով կը վայելե բնազդմամբ, և կը փոխարինե գողտրիկ ցույցերովը, աչերուն փայլովը, թևերուն բաբախմամբը, խնդալից աղաղակներովը․ այդ դիեցիկ էակին և դայակ մոր մեջ եղած հարաբերություններն երկնային են։

Մայր մի որ կամովին կը մերժե մանկանն յուր կաթն իբրև սնունդ, կիսով չափ մայր է միայն, քանի որ այդ փափկիկ էակն օտար անձի արյամբ կը սնանի, ու անոր ախտերով կը համակվի շատ անգամ։

Մայրությունը շարունակական վսեմ զոհողություն մ՚է։ Մոր մեն մի արյան կաթիլն, մեն մի վայելքը ու մեն մի օրն՝ որդվույն իրավունքն է։ Առույգ կին մ՚որ առանց պատճառի օտար կաթով կը դիեցնե յուր որդին՝ մայրության դեմ գողություն կը գործե, բնության հրեշ մի կը ներկայանա, անասունեն նվաստ կըլլա քանի որ անասունը մայրենի օրինաց կը հպատակի, առանց գորովո բնական ներդաշնակությունն ընդհատելու օտար արյան միջամտությամբ։

Զարուհին ճշմարիտ մայր էր, զի մայր դայակ էր։ Նորածին արարածը նոր երանության արշալույս մ՚էր իրեն համար, նոր սիրո աղբյուր մի, և կամ յուր ամուսնական երջանկութենեն բխած նոր ճյուղ մի։ Մանկիկը միության վսեմ գիծն (trait d՚union) ընդ մեջ Զարուհվույն և Հրանտին՝ կեդրոնն էր ուր իրենց էությունը միացուցած էին, իրենք էին վերջապես մանրանկարի մեջ։ Հրանտ, Զարուհի և մանկիկն՝ երրորդություն մ՚էին ի սիրո կազմակերպած։

Հրանտ կնոջը մոտ կը մոռանար օրվան տագնապալի պարագաները․ և հետին դժգոհության դրոշմը մանուկը կը ջնջեր մեկ ժպտովը կամ մեկ գողտրիկ համբույրովը։ Մանուկն ամուսնոց սիրո պահապանն է որ անոնց շուրջը կը թևարկե գորովո հոդերն առավել ևս ամրապնդելով։