Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զարուհին հաջողած էր յուր հանապազօրյա աշխատությամբն իրենց ընտանեկան վիճակին անդորրն ավելցնելու։ Շաբթվան գրեթե մեն մի օրվան երեք կամ չորս ժամերն հատկացուցած էր յուր աշակերտուհյաց՝ որք կը հաճախեին յուր տունը, ոմանք լեզվագիտության և ոմանք ալ երաժշտության դաս առնելու համար. իսկ մնացորդ ժամերը տանն ու որդվույն հոգատարության կը նվիրվեր օգնությամբ աղախնո մի՝ որ իբր լավ մեքենա կարգավորյալ կերպիվ կը գործեր, այնչափ ամեն ինչ գեղեցիկ տնօրենություն մ՚ունեցած էր տան տիկնոջ կողմանե։

Գուցե շատերը զարմանան երբ անձամբ հաստատեն թե լավ տնօրենությամբ իրենց ժամանակին կրկինը կրնան գործել, և արդյունավորել շռայլությամբ վատնված վայրկյանները։

Զարուհին յուր բազմազբաղ կենաց մեջ նորանոր հաճույք կը գտնար. ամուսին երանելի էր, մայր սիրակաթ, և պիտանի անդամ ընկերության։ Գոհ էր սրտիվ, գոհ էր և յուր արժանապատվության զգացմամբը։

ԳԼՈԻԽ ԼԱ.

Սիրանույշ Գատըքյոյ գացած էր քանի մ՚օր անցունելու դիտավորությամբ մորը հետ որուն առողջության վիճակն օր ավուր վատթարանալու վրա էր։ Անկարելի էր զգայուն տիկնոջ հաստատել որդվույն տաժանելի կացությունը, լքումն, առանձնությունը, անխոս տառապանքը վերջապես, առանց հյուծելու։

Սիրանույշ յուր կողմեն վշտերուն սաստկանալը կզգար ի տես մայրենի տանջանաց։ Մայրը կը մնար իրեն իբրև գորովո փարոս մենակեցիկ մութ օրերուն մեջ, և ահա կը մաշեր ահ ու դողով այդ թանկագին կենաց վրա։

Ամեն ինչ կը նսեմանար հեգ Սիրանույշի համար։ Երվանդ և յուր մայրը կենացն երկու աստղունքն էին. մին խավարած էր, և մյուսույն խավարմանեն կը վախնար։ Ամպամած էր կենացն հորիզոնը, չկար իրեն համար լույս սփոփարար։

Երբ Սիրանույշ մորը կերթար, անհնարին էր իրեն չայցելել