— Բայց կրնա՞ս ուրանալ թե ապականյալ կանանց մեծ թիվ մի չկա։
– Զայդ չեմ ուրանար և կը խոստովանիմ թե իրենց սեռին հրեշներն և իրենց սեռին ամոթն են։ Երկու դասու բաժնե զկանայս. մեկը անասուն կանանցմե կը բաղկանա, և մյուսը ճշմարիտ առաքինի կանանցմե որք արդի դաստիարակության թերությանց, անբարոյականության հորձանաց գայթակղական տեսարանաց, ու նույն իսկ իրենց զգացմանց դեմ դնելով՝ հանդիսացած են տիպար մաքրության, մեծության և բարոյականության։
– Բայց դու կսիրե՞ս զԵրվանդ:
– Այդ նոր բան չէ։
– Եվ պիտի սիրե՞ս միշտ։
– Միշտ։
– Եվ ես այդ բանին պիտի հանդուրժե՞մ։
– Հանդուրժեցիր մինչև ցարդ։
– Կանգիտանայի զայդ։
– Սակայն երբեք զգալ չեմ ձևացուցած քեզ նկատմամբ սեր մի զոր չեմ զգացած, և դու բնավ ջանադիր չեղար սրտիս վիճակը ճանաչելու։ Իբր կարասի մ՚ընտրեցիր իմ անձս արտաքին ձևերեն դատելով զիս. և իբր կարասի մեկ կողմ թողուցիր երբ բավականացար։ Ես իբր կենակիցդ՝ զքեզ արտաքին հարգանաց ցույցերով պատվեցի, և դու գոհ եղար զառավելն չորոնելով։ Դու երջանիկ կապրեիր առանց գիտնալ ուզելու եթե ես ևս երջանիկ էի։
Դարեհյան չարաչար կը նեղվեր կնոջն իրավացի կշտամբանքներեն․ և հարձակողական դիրք մ՚առնելու համար հարցուց անոր.
– Ո՞վ կապահովե զիս թե դու անմեղ ես։
– Նույն իսկ ճշմարտության ձայնը զոր իմ բերնես կը լսես։
-Եվ ո՞վ գիտե եթե ճշմարտության ձայն ըսածդ նույն իսկ սուտը չէ։
-Ինչո՞ւ և դու, Դարեհյա՛ն, նույն քաշությամբ չխոսեցար երբ ես զքեզ բռնեցի քու սիրուհվույդ միատեղ. ինչո՞ւ կարկամեցար, ինչո՞ւ լռեցիր, ինչո՞ւ թախանձեցիր հայնժամ: