Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտախոհեց, հառաչեց, արտասվեց, և հանկարծ տեղեն ելնելով վճռված եղանակավ գոչեց. «Պատիվս կը պահանջե»։

Մարիամը ուզեց, բայց աղախիններեն մին անոր վարի տունը գացած ըլլալն իմացուց տիրոջն հրամանավ։ Մելքոնը խնդրեց, նմանապես ինքն ևս կոչված էր, ու երկուքն ալ տակավին չէին վերադարձած։

Հրաման ըրավ Սիրանույշ որ յուր երկու սպասավորներն առ ինքն վերադառնան, բայց մեծ եղավ ապշությունն իմանալով թե երկուքն ալ խիստ հսկողության ներքև էին։ Ի՞նչ կը նշանակեր այդ ընթացքը։

Սպասավորի մի հանձնեց առ Երվանդ նամակը հասցնելու անմիջական պաշտոնը, և լուր ղրկեց ամուսնույն թե կը փափագեր զինքն անմիջապես տեսնել։ Բայց երբ տունեն արդեն անոր բացակա ըլլալն իմացավ, սաստիկ զարմացավ, քանի որ այցելություն մի կակնկալեր անոր կողմանե։ Կը մտածեր մանկամարդ կինը թե նախընթաց օրը համոզված կը թվեր նա յուր անմեղությանը վրա, և ահա նույն օրը աննպաստ երևույթ մ՚առած կերևային իրերը։ Ուրեմն նոր թշնամանք կար, բայց ո՞վ էր արդյոք զինքը թշնամանողը։ Չար մեքենայություն կար իրեն դեմ, և գուցե Երվանդ մաս ունենար պատրաստված չարությանց։

Երիտասարդուհին՝ անմեղությամբն զորացած, բոլոր յուր քաջությունը կը կորսնցներ Երվանդին վտանգաց ենթարկության հավանականության առջև, նախընթաց դառն օրերը տենչանոք որոնելով։ Կը ցավեր նաև նկատելով թե յուր երկու սպասավորները պատժո դատապարտված էին, զանոնք ևս մեղսակից համարելով իրեն անշուշտ։

Անհամբերությամբ կսպասեր Սիրանույշ ամուսնույն վերադարձին, եղածն իմանալու, մակաբերված զրպարտությունները ցրվելու, և զրպարտչին դեմ անողոքաբար գործեմլու համար։

Սակայն ինչ որ պատվակիր կնոջ զայրույթ կազդեր՝ այն գաղափարն էր թե յուր անմեղության դատախազն անմաքրությունն էր իսկ՝ այսինքն Դարեհյան մի։ Մարդ մի որ ամուսնական ուխտազանցության ու հեշտության զեղծման տիպարն էր, դատավոր կը կանգներ յուր անբիծ պատվույն․