Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/377

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


և այդ իրավունքն կստանար մի միայն այր ըլլալուն համար։ Անասուն մարդը կին հրեշտակին դատավոր կը կանգներ, և մարդկային խիղճն ու կանանց արժանապատվությունը բողոք չէին բառնար սակայն այնպիսի անհեթեթ ընթացքի դեմ։ Կը մտածեր թե կանանց պատիվը սրբազան խնդիր մ՚եղած է ընկերության առջև, այնպես որ բիծ մ՚անգամ գլխավոր մեղադրանաց, քննադատությանց ու դատապարտությանց առարկա կըլլար, և սակայն կանանց ընթացից կամ խորհրդոց թյուր և անպատիվ նպատակներ վերագրելով շատ անգամ՝ առանց խղճմտության և ամենայն թեթևությամբ կը հարվածեր կնոջ պատիվը առանց պատժո ենթարկելու այր հարվածողը։ Զոր օրինակ Դարեհյան հեռացնելով իրմե յուր սպասավորները՝ անմեղությանը վրա կասկածներ կը հարուցաներ, երբ ինքն ամենայն հարգանաց արժանի էր։ Եվ սակայն՝ ինքը կին, բողոքելու իրավունք չուներ ընդդեմ առն ի պաշտպանություն յուր պատվույն։

Սիրանույշի սրտմտությունը ևս քան զևս ավելնալով այս ըրած խորհրդածություններեն, հանկարծ գոչեց դառն հեգնությամբ մի. «Ո՜վ մարդկություն որչա՜փ հետագնաց ես երբ հառաջադեմ ըլլալը կը կարծես. և որչա՜փ անիրավ՝ երբ արդարությամբ գործելուդ կը հավատաս»։

ԳԼՈՒԽ ԾԸ․

Երբ Երվանդ Սիրանույշեն բաժնվեցավ արդեն օրն հառաջացած էր, որով շոգենավ չկար զինքը կամուրջ տանելու։ Ուստի փոքրիկ նավակի մեջ մտնելով մտադիր էր նույն գիշեր քրոջը տունը վերադառնալ ի Քատըքյոյ։ Նավակը կը սուրար ջուրերուն վրայեն՝ իբր սև նետ մի աներևույթ ձեռքե մղված։ Օդը մեղմ էր իբր անուշ շունչ մի, և ծովը հանգիստ իբրև հանդարտ խիղճ մի, մինչ լուսինը իբրև անմեղ չքնաղ կույս, հորիզոնին վրայեն պարկեշտ ակնարկ մի կը նետեր բնության վրա։ Ասիո և Եվրոպիո եզերաց ցրված լույսերը կը բազմանային իբր երկնային աստղունք՝ իրենց երկնային քույրերուն՝ մեծ ու փոքրիկ համաստեղոլթյանց ժպտելով։ Լեռները՝ որոնց շուքը ծովուն մեջ կարձակվեր իբրև ննջող