Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր յուր բարերարուհվույն՝ Սիրանույշ յուր անձնվիրության զոհն էր:

Բժիշկը սենեկեն դուրս ելավ, սոսկալի տեսակեն ժանտատենդ մ՚ըլլալը հաստատեց, և փրկության քիչ հույս հայտնեց։

Զայդ իմանալով Պ. Դարեհյան հրաման ըրավ որ բազմաթիվ բժիշկներ գան կնոջն օգնության. և երբ ամեն հույս կորսված դատեց, աներոջն իմացուց Սիրանույշի կամքը զԵրվանդ տեսնելու, գործադրության հոգն իրեն թողլով։

Պ. Հայնուռ՝ անփույթ այդ պատվերին կատարման, և աղջկանը վիճակեն վարանած ու ահալ եղած կերթար կուգար հիվանդին քով առանց ըրածը գիտնալու։ Իսկ Պ. Դարեհյան նույն միջոցին որ իմացավ կնոջը հիվանդությանը տարափոխիկ ըլլալը, անմիջապես հեռացավ անոր սենեկեն շատ աղմուկ հարուցանելով ու նորանոր բժիշկներ բերել տալու հրաման ընելով։ Մեկ սենեկեն մյուսը կանցներ, կը պոռար, կը կանչեր, ամենուն դեմ կը նեղանար, անկեղծապես կը փափագեր փրկել զյուր ամուսին, առանց սակայն որևէ վտանգի գանձն ենթարկելու։

Տիկին Հայնուռ ընդհակառակն աղջկանը սնարի մոտ կերած շարունակ՝ կարծես յուր ախտեն կատարելապես բուժած էր, այնչափ զարմանալի կորով և ուժ ցույց կու տար։ Թեև բժշկին անողոք վճիռն իրեն չէին հայտնած, սակայն յուր մայրենի սիրտը կը գուժեր զավկին վտանգը, և գոգցես ինքը նոր իմն զորությամբ կը զիներ մահվան դեմ անոր պատրաստած ավարը հափշտակելու կամոք։

Հիվանդը գրեթե խեղդվելու վիճակի մեջ ըլլալով անկարող էր ստեպ խոսելու։ Բայց աչերը՝ դռան վրա հառած, իրենց անձկալից անհամբերությունը կը հայտնեին։

— Մա՛յր,— հաջողեցավ ըսելու վերջապես,— զԵրվանդ կուզեմ ։

Ոչ Պ. Դարեհյան և ոչ իսկ Պ. Հայնուռ զերիտասարդը բերել տալու փույթ ըրած էին։ Իսկ նույն րոպեին որ Սիրանույշ հայտնեց մորն յուր բաղձանը՝ սա կզբաղեր այդ փափագանաց անմիջական գործադրությանը, երբ ահա Երվանդ՝ որ իբր հիմար սենեկեն ներս վիժելով, հիվանդին անկողնույն մոտ ընթացավ։