Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ ՁԳ.

Սիրանույշի հիվանդության ծանրության լուրը նույն առավոտ բոլոր Քատըքյոյի մեջ տարածված էր, քանի օր լուրերուն արագաբար աարածվիլու մարդկանց ընկերային աստիճանին բարձրութենեն կախում ունի ընդհանրապես։

Բազմաթիվ բժշկաց այցելությունները նույն օրն, ու անոնց դատապարտության վճիռը մինչև Երվանդի հասած էր բերնե բերան անցնելով, երբ նույն օրը ինքը Քատըքյոյ կուգար Յենիքյոյեն Սիրանույշի շնչած օդով սնանելու բաղձանոք։ Քույրը բացակա էր տունեն, որով ինքը դուրս ելնելով առաջին լուրն որ իմացավ տիկին Դարեհյանի անհույս հիվանդության գույժն եղավ։ Հազիվ թե այդ բոթն հասավ ականջին՝ Երվանդ մոռցավ զհամայն աշխարհ, և իբր խելագար սուրաց դեպ Սիրանույշի խուցն առանց բնավ թույլտվություն խնդրելու։ Մոլեգին մոտեցավ տառապելույն անկողնույն, առավ Սիրանույշի ձեռքը, սրտին վրա սեղմեց զայն մինչև հայեցվածքովը կը հայտներ հոգվույն բոլոր հուսահատ դառնությունը։

Սիրանույշ բացավ աչերը, տեսավ զինքը, ու անկարող ըլլալով բառ մ՚արտասանելու՝ նայվածքովը կը ջանար խոսելու մինչ շրթանցը վրա երկնային երջանկության ժպիտ մի կուրվագրվեր։ Վերջապես կարողացավ ըսելու.

— Երվա՛նդ իմ, զքեզ տեսա, գոհ կը մեռնիմ։

— Սիրանո՛ւյշ, Սիրանո՛ւյշ,— գոչեց Երվանդ վայրենի ձայնիվ,— ապրե՛, թե ոչ ես ալ կը մեռնիմ։ Եթե մարդիկ բաժնեցին զմեզ կենաց մեջ, մահն առավել գթած պիտի ըլլա վասնզի զմեզ պիտի միացնե անբաժանելի կերպիվ։

Տիկին Հայնուռ կը նայեր, կը լսեր, ու կատաղի հուսահատությամբ զինյալ թվեր արհամարհել զմահ որ կսպառնար յուր հոգին հոշոտելու. Երվանդին ցավը նոր խթան մ՚էր յուր սրտամաշ ճգանցը. ոչ արտասուք ուներ, և ոչ ալ հառաչանք․ վիշտն հոսման ամեն ուղի խափանած էր։

Երբ Պ․ Հայնուռ հուսահատ դիմոք աղջկանը մոտեցավ, Երվանդ բարկացայտ աչոք նայելով անոր՝ անհուն սրտմտությամբ գոչեց.

— Հայր բարբարոս և մեծամիտ, ահա կատարած գործդ։