Jump to content

Էջ:Երկեր - Սրբուհի Տյուսաբ.djvu/540

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լիներ այդ։ Նույն վայրկենին լսվեցավ նաև Սիսակի երգն որ նույնչափ աղետաբեր թվեցավ իրեն։

Սարսափելով տեղեն ցատկեց աղջիկն, մոտեցուց ճրագը պատուհանին՝ որոշյալ նշանն ընելու համար, ու հետո ամենայն զգուշությամբ սենեկեն դուրս ելավ։ Մեն մի քայլին կը թվեր իրեն թե Ներսես յուր առջև պիտի կանգներ. կարծեց իսկ անոր դռան ճռնչելը լսել, և բոլորովին զարհուրած ուզեց խույս տալ յուր սենյակը վերադառնալ, ու ազգականին հետ տեսնվելու դիտավորութենեն ետ կենալ։ Բայց երբ վայրիկ մի ետքն հաստատվեցավ թե ոչ շարժում և ոչ ձայն կար յուր շուրջն՝ ոգևորեցավ, հուզյալ երևակայությունն հանդարտելով, ու հիշելով խոստումն առ յուր տագնապյալ բարեկամուհին՝ արիաբար վար իջավ, բացավ փողոցին դուռն, ու զՍիսակ ներս առնելեն վերջը ամենայն զգուշությամբ փակեց զայն վերստին։ Համրաքայլ մեր երկու երիտասարդները վեր ելան, և մեկ փոքրիկ սենյակ մի մտնելով հոն քովե քով նստան դուռը կիսաբաց թողլով։

Արաքսիայի սիրտը թեև կը տրոփեր ուժզին՝ սակայն հանդարտեցավ աստիճանաբար նկատելով թե յուր բարեկամուհվույն դատը պիտի վարեր նույն միջոցին։ Ուստի քաջությամբ զինեցավ մարտ մղելու համար ընդդեմ հողդողդ զգացմանց յուր ազգակցին։

Երբ երիտասարդն ինքզինքն ապահով համարեց սենեկին մեջ, հաղթական եղանակավ մի գոչեց՝ ժամացույցը ցույց տալով.

— Դիտե՛, Արաքսիա, թե ո՛ր աստիճանի խոսքիս գերին եմ. նայե, ժամը ճիշտ երկուքն է։

— Տայր երկինք որ ամեն պարագայի մեջ նույն ճշտությունը պահեիր,— պատասխանեց վարժուհին։

— Կասկածելովս հանդերձ որ կշտամբանացդ պիտի ենթարկվիմ, կը տեսնես որ խույս չտվի քեզմե։

— Ուրեմն կզգաս մեղապարտ լինելդ։

— Մեղապա՜րտ։

– Այո, մեղապարտ, մանավանդ թե ոճրագործ։

– Ո՜հ,— ըսավ Սիսակ խնդալով,— բառերն հետզհետե