զորավորագույն բացատրությամբ կը հաջորդեն իրարու։ Նախ մեղապարտ էի, և քիչ մի վերջը ոճրագործ դարձա։
— Ժամանակը սուղ է, ըսելիքս շուտ խոսիմ, և դու գործելիքդ փութով վճռե։
— Մեղք որ դատավոր չես, Արաքսիա՛, գործերը կայծակի արագությամբ պիտի կատարվեին։
— Խնդրեմ, Սիսա՛կ, վերջ տուր կատակներուդ։ Ոչ այս գիշերային ժամն, ոչ իմ տրամադրությունքս, և ոչ խոսակցությանս նյութը կարդարացնեն ծաղրելու հոժարությունդ։
— Ե՞ս, զքեզ ծաղրե՜մ, օրիո՜րդ, երբ հանչափս կը սիրեմ ու կը հարգեմ զքեզ։
— Լա՛վ, լավ, բայց խոսքի սկսինք։
— Առանց և ոչ իսկ հառաջաբանի․ վստահ եմ որ խնդիրը Վարդանույշի կը վերաբերի. օ՜ն ուրեմն, ի՞նչ է հրամանդ։
— Հրամանս այն է որ որոշապես հայտնես թե որո՞նք են տրամադրությունքդ այդ խեղճ աղջկան մասին, որ դժբախտաբար քու թեթևությանցդ մարտիրոսն եղած է։
— Թեթևությո՜ւն, մարտիրոսությո՜ւն, ի՞նչ բառեր են ադոնք։
— Խնդրեմ, Սիսա՛կ, զգաստ կերպիվ մտածե ու պատասխանե։
— Պատրաստ եմ ամեն հարցմանցդ պատասխանելու։
— Լավ, բայց հուսամ որ անկեղծությամբ կը պատասխանես։
— Ամենայն անկեղծությամբ, այսինքն որչափ որ կարելի է ինձ։
— Կը գուշակեմ որ այս վայրկենիս ևս խարդախ պիտի լինիս։
— Շնորհակալ եմ, սիրուն ազգակիցս, ինձ շռայլած քաղաքավարությանցդ համար․ և ի նշան երախտագիտությանս կը հառաջադրեմ անկեղծ լինել։
— Պատասխանե՛ ուրեմն, քանի՞ օրե իվեր Վարդանույշի այցելության չես գնացած։
— Կարծեմ տասն և հինգ օրե իվեր։
— Տասն և հի՛նգ օր։ Եվ ինչո՞ւ այդչափ ժամանակ զինքը լքյալ թողուցիր։